Հասարակություն

Քննարկում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի շուրջ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն այսօր քննարկում է հրավիրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի շուրջ: Ներկայացվել է օրենսգրքի նոր նախագիծը: Աշխատանքային խումբը փաստաթղթի վրա աշխատել է մոտ 2.5 տարի և ներկայացնում է նախագիծ, որն , ըստ հեղինակների, արմատապես տարբերվում է գործող օրենսգրքից ոչ միայն կառուցվածքով ու կանոկարգումներով, այլ նաև գաղափարախոսությամբ: Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի հեղինակները համոզված են, որ նոր օրենսգրքի մշակման անհարժեշտությունը վաղուց էր հասունացել: 1999-ից գործող օրենսգիրքը հնացած էր և անկարող լուծում տալ դատաիրավական ոլորտում կուտակված խնդիրներին:

Նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանի խոսքով ՝ նոր օրենսգիրքը նախորդից տարբերվում է արմատապես ու սկզբունքորեն. «Սա նոր օրեսնագիրք է ոչ թե անվանումով և մշակման տարեթվով, այլ իր փիլիսոփայությամբ ու գաղափարախոսությամբ: Այն արմատապես տարբերվում է գործող օրենսգրքից թե իր կարգավորումներով, թե նպատակներով, թե նույնիսկ կառուցվածքով»:

Իսկ նպատակը, ըստ Հրայր Ղուկասյանի, մեկն էր. ունենալ այնպիսի համապարփակ իրավական ակտ, որը կապահովեր քրեական գործերի արդյունավետ քննությունը անձի իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքի հիման վրա: Այս համատեքստում գերնպատակը եղել է քրեական արդարադատության ոլորտում հանրային ու մասնավոր շահերի հավասրակշռված պաշտպանությունը: Սա նպատակ է, որին ձգտում են բոլոր պետություններն ու քրեադատավարական գիտությունն ու պրակտիկան:

«Անընդհատ խնդիրներ են առաջանում, թե որ դեպքում ինչ հարաբերակցություն է պետք պահել, նախապատվությունը որին է պետք տալ՝ հանրային շահին, թե մասնավորին: Օրենսգիքրը փորձել է ներքին տրամաբանական կապերի, ներքին սկզբունքների հիման վրա առավելագույնս տալ այս հարցերի պատասխանները»:

Ի՞նչ սկզբունքային տարբերություններ կան մշակված նախագծի և գործող օրենսգրքի միջև: Աշխատանքային խմբի ղեկավարն առաջինը նշում է վարույթի , այսպես կոչված, օպտիմալացումը: Նոր օրենսգիրքը փորձել է առավելագույնս արդյունավետ դարձնել քրեական գործերի քննության ընթացակարգը՝ հրաժարվելով անգամ վարույթի որոշ փուլերից: Էական հաջորդ տարբերությունը քրեադատավարական ոլորտ ներգրավված անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներն են: Խոսքը մեղադրյալների, նրանց պաշտպանների, նաև տուժողների ու վկաների մասին է: «Այսինքն սուբյեկտներ, որոնք, գործող օրենսդրությամբ բավական խոցելի են , և շատ հաճախ են այդ անձանց իրավունքների սահմանափակման ոչ իրավաչափ դեպքեր արձանագրվում»:

Նոր օրեսնգիրքը պիտի փորձի քրեական վարույթում մեծացնել դատարանի անկախությունը, ընդգծել ու առաջնային դարձնել նրա դերակատարությունը: Եվ վերջապես, ըստ հեղինակների, օրենսգիրքը արմատապես նոր լուծումներ է առաջարկում հարկադրանքի միջոցների՝ ձերբակալության, կալանքի կիրառման հարցերում:
«Այսուհետ ձերբակալումը դարձել է հարկադրանքի միջոց, որը բնութագրվում է որպես մարդու ազատության իրավունքի սահմանփակում: Կանոնակարգումները, մեր կարծիքով, վերջ կդնեն պրակտիկայում չարաշահվող բերման ենթարկելու, հրավերքի, փաստացի ազատությունից զրկելու ինստիտուտներին: Ինչ վերաբերում է կալանքին, ապա այն որպես բացառիկ և ծայրահեղ դեպքերում կիրառման ենթակա խափանման միջոց սահմանզատվել է այլընտրանքային խափանման միջոցներից: Սա, մեր կարծիքով, պետք է հնարավորություն տա առավելագույնս նվազեցնել կալանքների կիրառման պրակտիկան Հայաստանում»:

Նախագիծը, հիշեցնեմ, վերջերս է ներկայացվել կառավարությանը: Գործադիրի հավանությանն արժանանալուց հետո այն կներկայացվի արդեն խորհրդարանի դատին:

Թողնել պատասխան

Back to top button