ԿարևորՏնտեսական

ՀԲ- ն Հայաստանում ֆինանսավորված ծրագրերում կոռուպցիոն ռիսկեր չի բացահայտել

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 45 մլն դոլարի նոր վարկի տրամադրումը:  Առաջիկա 4 տարվա ընթացքում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերի 31 համայնքներում 170 կմ կենսական նշանակության ավտոճանապարհներ պետք է վերականգնվեն: Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին վստահ է, որ ճանապարհների բարեկարգման ծրագիրը  միևնույն ժամանակ աշխատատեղեր կստեղծի հիմնականում գյուղերի բնակչության համար:
ՀԲ- ն օժանդակությունը տրամադրում է նախ՝ նկատի առնելով, որ Հայաստանում կենսական նշանակության ճանապարհների մոտ 50 տոկոսը շարունակում է մնալ վատ վիճակում և դրանց վերականգնման ու պահպանության համար դեռևս ներդրումների կարիք է զգացվում:
Ֆինանսական օժանդակության հիմքում նաեւ այն գնահատումն է, որ մինչ այժմ Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով Հայաստանում ճանապարհաշինական աշխատանքներն արդյունավետ են եղել: Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին ընդգծեց` իրենք գոհ են աշխատանքների որակից։
«Այս հարցը մշտապես գտնվել է  ուշադրության կենտրոնում: Գումարների անարդյունավետ ծախսման եւ անբարեխիղճ աշխատանքի դեպքեր ՀԲ հայաստանյան գրասենյակը չի արձանագրել: Այո, մենք գոհ ենք այդ աշխատանքների որակից»,-ընդգծեց Հափին:
Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրենը նաեւ շեշտեց, որ Հայաստանն ընդգրկված չէ այն մի քանի տասնյակ երկրների շարքում, որտեղ ՀԲ- ից ֆինանսավորված ծրագրերում կոռուպցիոն ռիսկեր են բացահայտվել: «Մեր պորտֆելը կոռուպցիոն խնդիրներից զերծ է, սակայն մենք միաժամանակ անհրաժեշտ ենք համարում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերի ավելացումը»,- նշեց նա։
ՀԲ ներկայացուցիչը կարծում է, որ տնտեսության վերականգնման առումով 2012-ը լավ տարի էր Հայաստանի համար: Անդրադառնալով հարկային վերջին բարեփոխումներին, որոնք որոշ դժգոհություններ են առաջացրել փոքր ու միջին բիզնեսը ներկայացնող որոշ տնտեսվարողների մոտ, Հափին ընդգծեց, որ իրենք սերտորեն աշխատում ենք ՊԵԿ- ի հետ, որպեսզի ոչ միայն հարկային վարչարարության ֆիզիկական ենթակառուցվածքները բարելավվեն, այլեւ  բարեփոխումներ ապահովվեն նաեւ մասնավոր հատվածի համար։
«Ոլորտում դեռ սողանցքեր, արդյունավետության, արդարացիության և թափանցիկության բարձրացման հարցեր կան, սակայն հարկային վարչարարության բարեփոխումների ուղղությամբ աշխատանքները դեռ չեն ավարտվել»,- ասաց Հափին։
Խոսելով ՀՀ նախագահի թեկնածուների` տնտեսական զարգացման ուղղությամբ առաջարկած ծրագրերի մասին, Հափին ասաց, որ իրենք առաջնորդվում են ոչ թե առանձին թեկնածուների, մասնավորապես նաեւ Սերժ Սարգսյանի անհատական նախընտրական ծրագրերով, այլ կառավարության մշակած եւ հաստատած գործողությունների ժամանակացույցով:
Ու թեեւ Համաշխարհային բանկը քաղաքական գնահատականեր չի տալիս, սակայն լրագրողների խնդրանքով Ժան Միշել Հափին անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի միջադեպին։
«Տեղեկացել ենք այդ տխուր միջադեպի մասին: Կարծում եմ` հարցը լուծում պետք է ստանա իրավապահ մարմինների կողմից օրենքի գերակայության շրջանակներում: Ես այդ քաղաքացուն, քաղաքական գործչին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

 

 

Թողնել պատասխան

Back to top button