Քաղաքական

Հայրիկյանի դեմ մահափորձը չի ապակայունացնի իրավիճակը, ասում է Բորդյուժան

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը չի կարող ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, համոզված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ըստ նրա՝ նախընտրական այս շրջանում այս լուրջ պատահարը շուտափույթ կքննվի իրավապահ մարմինների կողմից: Պաշտոնյան օրերս գտնվում էր Երևանում և հասցրել է նկատել նախընտրական արշավի կառուցողական ու հանգիստ բնույթը:

Այսօր կայացած Մոսկվա-Աստանա-Երևան-Կիև-Մինսկ տեսակամուրջի ընթացքում ամփոփելով իր գլխավորած կառույյցի 2012 թվականին կատարված աշխատանքը՝ նա նշել է, որ Երեւանի այցի գլխավոր նպատակը Ռուսաստանի և Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների մերձեցումն է եղել` երկու երկրների նախագահների հանձնարարականների հիմման վրա:

«Այսօրվա դրությամբ նախագահների որոշումներով նախատեսվում է ռազմական տեխնիկայի և սպառազինության  վերանորոգման և սպասարկման համատեղ արտոնագրված սերվիսային կենտրոնների և ձեռնարկությունների ստեղծում: Երևանում անցկացված մեր հանդիպումներից ելնելով կարող եմ փաստել, որ այդ աշխատանքը հաջող ընթացք ունի»,- ասել է նա։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է ռուսական սահմանապահների կողմից վերահսկվող հայ-թուրքական սահմանի վերաբացման խնդրին:

«ՀԱՊԿ-նաշխատում է չխառնվել նման զգայուն հարցերին, որոնք առնչվում են հայ-թուրքական հարաբերություններին: Առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է տիրապետել տեղեկատվության ողջ ծավալին, այդ թվում և սահմանին առկա վիճակին»։

Ընդհանուր առմամբ՝ Նիկոլայ Բորդյուժան գոհ է իր գլխավորած կառույցի աշխատանքից: Ըստ նրա՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կայուն զարգացել է`հասնելով շատ լուրջ հարցերի լուծմանը, մասնավորապես՝ մասնակից-երկրների բազմակողմանի անվտանգության ապահովման գործում: Այստեղ Բորդյուժան ընդգծել է անցյալ տարի Հայաստանում հաջողությամբ անցկացված «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների մասին:

Թողնել պատասխան

Back to top button