Հասարակություն

Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծվել է ոստիկանության եւ ԱԱԾ քննչական համատեղ խումբ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը գրավոր ցուցում է տվել ՀՀ ԿԱ ոստիկանության եւ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության փորձառու քննիչներին համատեղ քննչական խումբ կազմելու վերաբերյալ` նկատի ունենալով, որ Պարույր Հայրիկյանի դեմ քրեական գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում եւ անհրաժեշտ է կատարել անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ, որոնք օրենքով սահմանված ժամկետում բազմակողմանի եւ լրիվ ծավալով արդյունավետ կիրականացվի քննչական խմբի միջոցով, հայտնում են գլխավոր դատախազությունից։

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը: Մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրը քննչական  խմբի կողմից ստուգվում է։

Քրեական գործով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաև՝ դատաձգաբանական, դատամանրաթելային և դատաքիմիական համալիր փորձաքննություններ։ Փորձաքննության է ներկայացվել դեպքի վայրից առգրավված 7,62 մմ տրամաչափի 1 գնդակը, ինչպես նաեւ՝ վիրահատության ընթացքում Պարույր Հայրիկյանի մարմնից հանված միևնույն տրամաչափի եւս 1 գնդակ։Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։

ՀՀ գլխավոր դատախազն այսօր այցելել է նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ զրուցել ՀՀ նախագահի թեկնածու,  ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button