ԿարևորՏնտեսական

Ամենաբարձր գնաճը պարենային շուկայում է, արձանագրում է վիճակագրությունը

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

2012-ի դեկտեմբերի համեմատ այս տարվա  հունվարին ամենաբարձր գնաճը նկատվել է պարենային ապրանքների շուկայում. դրանք թանկացել են 5.1 տոկոսով: Այս ցուցանիշի վրա մեծապես ազդել են պտուղ-բանջարեղենի, կարտոֆիլի բարձր գները` ամփոփելով հունվարի գնաճային ցուցանիշերն այսօր ասաց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Օրինակ` մրգի գնաճը կազմել է ավելի քան 11 տոկոս: Նրա խոսքով` եթե նշված ապրանքատեսակների դեպքում գնային փոփոխություններ չարձանագրվեին, ապա այս հունվարին 2012-ի դեկտեմբերի համեմատությամբ 2.9 տոկոսի փոխարեն սպառողական շուկայում գնաճը կլիներ  կես տոկոսի սահմանում։

Բանջարեղենից, մրգից բացի հունվարին կաթնամթերքը թանկացել է 2.3, ձուն` 4.6, ձկնամթերքը` 1.8 տոկոսով: 1 տոկոսով ավելի թանկ վաճառվել է նաև միսը: Բարձրացել են նաև ոգելից խմիչքի ու ծխախոտի, սուրճի, թեյի, կակաոյի, հացամթերքի գները, նվազել ոչ ոգելիչների,  շաքարավազի ու հրուշակեղենի գները:

Վերադառնանք հունվարի գնաճային ցուցանիշերին: Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով` 0.8 տոկոսով ավելացել  են  ծառայությունների սակագները։ Գների նվազում  է նկատվել  ոչ պարենային ապրանքների գծով` 0.2 տոկոս: Դա պայմանավորված է կոշկեղենի, հագուստի, գործվածքի, այգեգործական ու մի շարք այլ ապրանքների գների նվազմամբ: Ծառայությունների դեպքում գնաճ է նկատվել տրանսպորտի, բուժսպասրակման, հանգստի կազմակերպման ոլորտներում:  Նախատոնական ու տոնական օրերին, ինչպես հայտնի է, առողջարանների, հանգստյան տների ուղեգրերի արժեքը բարձրանում է:

Ներկայացված պատկերը վիճվարչության աշախատկիցը հունվար ամսվա համար օրինաչափ է համարում, քանի որ նախորդ տարիների դինամիկան նույնպես ցույց է տալիս` հունվարին մշտապես ունցել ենք առավել բարձր գնաճային միտումներ:

Թողնել պատասխան

Back to top button