ԿարևորՀասարակություն

ՀՌԱՀ- ը նախընտրական լուսաբանման խնդիրներ չի արձանագրել

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Նախընտրականն քարոզարշավի առաջին շաբաթվա եթեր հեռարձակումների հետ կապված որեւէ խնդիր չի արձանագրվել, այսօր, ամփոփելով իրենց դիտարկումների արդյունքները, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:
Ըստ նրա` ոչ մամուլը, ոչ էլ նախագահի թեկնածուներն իրենք որեւէ դժգոհություն չեն հայտնել, թե իրենց զրկել են եթերից կամ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերվել:
«Վճարովի կարգով տրամադրված եթերաժամանակից օգտվել են Րաֆֆի  Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյաը և Սերժ Սարգսյանը: Հանձնաժողովը բողոքներ չի ստացել, որ խախտվել է վճարովի եթերաժամով տրամադրված կարգը»,- ասաց  Ամալյանը:
Անդրադառնալով եթերում նախագահի թեկնածուների ներկայացվածությանը՝ Ամալյանն ընդգծեց, որ չկա բացարձակ համաչափություն, բայց իրավունքի երաշխավարումը կա բոլոր թեկնածուների համար, որոնք օգտվել են եթերից:
Քարոզարշավի առաջին շաբաթվա` հունվարի 21-25-ն ընկած ժամանակահատվածում, հեռուստաեթերում ներկայացվածության առումով առաջատար թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով եթերում ունեցել է 2160 րոպե, իսկ նվազագույնը՝ Արման Մելիքյանը՝ 503 րոպե, ինչը կախված է նաև նրա կողմից ընտրված քարոզչության ձևից, ասաց Ամալյանը:
Նա նաև խնդրեց, որ թեկնածուների շտաբներն ավելի ակտիվ արձագանքեն հեռուստա- և ռադիոեթերներում հյուրընկալվելու առաջարկներին:
«Լրատվամիջոցների կողմից ոչ մի թեկնածուի նկատմամբ խտրականություն չի եղել, թեկնածուներն են որոշել մասնակցել, թե՝ ոչ: Բացի դրանից՝ հեռուստաընկերությունները հրավերներն անում են հաջորդաբար, քանզի մի քանիսին նույն օրը հրավիրելու հնարավորություն չունեն»,- ասաց Ամալյանը:
Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև հայտարարված սակագները, որոնք, հանձնաժողովի նախագահի խոսքով,  համապատասխանում են ՀՀ օրենսդրության պահանջներին:  ՀՀ տարածքում 96 հեռուստաընկերություն է գործում: Հայաստանյան 22 կազմակերպություն է հայտարարել վճարովի եթերաժամի իրենց սակագները, որոնցից ինը գործում են մարզերում։

Թողնել պատասխան

Back to top button