ԿարևորՔաղաքական

Ռուբեն Թովմասյան.«Այս ընտրություններով Հայասատանում ոչինչ չի փոխվելու»

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրել և չի էլ պատրաստվում սատարել առաջադրված թեկնածուներից որևէ մեկին. այսօր լրագրողներին ասել է ՀԿԿ գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Կոմունիստներն իրենց մասնակցությունն անիմաստ են համարում և կարծում են, որ այս ընտրություններով Հայասատանում ոչինչ չի փոխվելու: Փոխարենը նրանք սկսելու են նախապատրաստվել նախագահական հաջորդ ընտրություններին:

Նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու և առաջադրվածներից որևէ մեկին չսատարելու որոշումը Հայաստանի կոմունիստները կայացրել են դեռ 2012 թ դեկտեմբերի 29-ին գումարած պլենումում՝ փետրվարի 18-ի ընտրություններին մասնակցելն անիմաստ համարելով: «Հիմա ինչ գաղափարախոսություն, ինչ ծրագիր. ես ասում եմ՝ ժողովուրդը պետք է լավ ապրի, մյուսն ասում է՝ ժողովուրդն արդեն լավ է ապրում, ասում եմ՝ ժողովուրդը պետք է աշխատանք ունենա, ինձ ասում են՝ ժողովուրդն աշխատանք ունի, դու չես նկատում»:

ՀԿԿ գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը համոզված է, որ առաջիկա ընտրությունները ոչինչ չեն տալու Հայաստանին և չեն լուծելու աղքատության, գործազրկության, արտագքաղթի խնդիրները: Նախագահի թեկնածուների խոստումներում նա չի գտնում այն կոնկրետությունը, որը պատկերացում կտար, թե ով ուր է ուզում տանել Հայաստանը:
«Ինչ խոստումներ են տալիս, չեմ հասկանում. կոնկրետ չկա, թե ինչ են մտածում և ուր են տանելու երկիրը»:

Նույն կերպ Ռուբեն Թովմասյանին չի բավարաում քարոզարշավի ընթացքն ու բովանդակությունը: Սա քարոզարշավ չէ, սա ժամանակի անիմաստ վատնում է ՝ այսօր ասաց կոմկուսի գլխավոր քարտուղարը: «Տեսնում ենք ինչ քարոզարշավ են անում. մեկը վարսավիրանոց է գնում, ձեռք է սեղմում, մեկը անիմաստ խոստումներ է տալիս, մեկը կաբինետից դուրս չի գալիս: սա քարոզարշավ չէ, սա մինչև փետրվարի 18-ը ժամանակ սպանել է»:

Մյուսների չմասնակցության մասին Ռուբեն Թովմասյանը նույնպես գնահատական ունի . առնվազն տարօրինակ է համարում, որ խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը որոշեց չմասնակցել նախագահական ընտրություններից, իսկ ուժերից մեկն էլ չփորձեց վերականգնել խորհրդարանում կորցրած տեղերը: «Սրանք ուղղակի խաղեր են, որոնցից տուժում են միայն ընտրողն ու ժողովուրդը»:

Կոմոկուսի վարկանիշն, ըստ Թովմասյանի, նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշումից չի նվազի և չի խանգարի կուսակցությանն արդեն սկսել պայքարը հաջորդ նախագահական ընտրությունների համար: Իսկ հաջորդում, Թովմասյանի խոսքով, պայմաննրը կոմկուսի մասնակցության համար ավելի բարենպաստ են լինելու: «Հաջորդ նախագահական ընտրություններում արդեն չի առաջադրվի թեկնածու, որի ձեռքին են պետական ողջ ռեսուրսները»:

Իսկ ի՞նչ է անելու կոմունիստական կուսակցությունը մինչև հաջորդ ընտրություններ.«Մենք լրջորեն աշխատելլու ենք բոլոր բանվորական կոլեկտիվների հետ, բանվոր դասակարգին դաստիարակելու ենք այն մտքերով ու գաղափարներով, որոնք Հայաստանում եղել են 1917 թվականին»:

Թողնել պատասխան

Back to top button