ԿարևորՔաղաքական

Ռազմատնտեսական համագործակցությունը ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ ՀԱՊԿ երկրների ներգրավումը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները մոտ ժամանակներս կարող են վերագործարկվել, ինչը նոր լիծք կհաղորդի երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և կխթանի նոր աշխատատեղերի բացման գործընթացը: Այս ուղղությամբ որոշ նախադրյալներ արդեն կան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից Գործարար խորհրդի ջանքերի շնորհիվ, որոնց համատեղ նիստերը անցկացվեցին այսօր պաշտպանության նախարարությունում։
Ռազմատնտեսական համագործակցությունը ապահովում է ՀԱՊԿ երկրների ներգրավվածությունը համաշխարհային տնտեսությանը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այն կարող է կաևոր լծակ հանդիսանալ մասնակից-երկրների պաշտպանական քաղաքականության իրագործման և ազգային շահերի ապահովման ընթացքում, նշեց նախարարը:
Նա կարևորեց համատեղ ժամանակակից ինտեգրված և արդյունավետ ռազմատնտեսական և ռազմատեխնիկական բազայի ձևավորումը հավաքական անվտանգության համակարգում: Նախարար Օհանյանը նկատեց, որ ՀԱՊԿ շրջանակներում այսօր առավել ակտիվ է ընթանում իրավական դաշտի փոխմերձեցումը։
Ըստ նրա՝ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հավանությամբ հաջողությամբ իրականացվել են հայ-ռուսական  ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին միջպետական պայմանագրի մշակման աշխատանքները։  Սպասվում է, որ նախագիծը ստորագրման համար վերջնականապես կհամաձայնեցվի փետրվարին Մոսկվայում կայանալիք իրավասու պաշտոնյաների հանդիպման ընթացքում:
Մոտ ժամանակներս կավարտվի ևս մեկ երկկողմ ` միջկառավարական համաձայնագրի մշակումը`պաշտպանական ոլորտի ձեռնակությունների արտադրական և գիտատեխնիկական կոոպերացիայի մասին։
Բացի դրանից՝ գործնական փուլ է մտնում Հայաստանում ռազմական տեխնիկայի և սպառազինության սպասարկման և վերանորոգման մասնագիտացված սերտիֆիկացված կենտրոնների և համատեղ ձեռնարկությունների գործարկման հարցը:

Սեյրան Օհանյանը հատուկ շեշտեց, որ ձևավորվող ձեռնարկությունները լինելու են երկկողմ, ինչը ենթադրում է փոխադարձ և փոխշահավետ նորարարությունների կիրառում: Նախօրեին ռուսական ձեռնարկությունների ներկայացուցիչները այցելել են մեր երկրի ռազմաարդյունաբերական համալիրի կենտրոններ և ծանոթացել են դրանց հնարավորություններին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ողջունեց պաշտպանական ոլորտի համատեղ ձեռնարկությունների ստեղծման նախագծերը։

Ըստ նրա՝ այդ արտադրությունները կարող են գործել ինչպես  ի նպաստ Հայաստանի Զինված ուժերի, այնպես էլ այլ պետությունների` որպես գործարար նախագծեր: Ամեն ինչ կախված է ձեռնարկությունների պայմաններից, նշեց  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նիստի ավարտին ստորագրվեց արձանագրություն, որով հստակեցվեցին կատարվելիք աշխատանքները: Հանձնաժողովների հաջորդ նիստը կանցկացվի նույնպես Երևանում գալիք սեպտեմբերին։

Թողնել պատասխան

Back to top button