ԿարևորՄիջազգային

Հայաստանում են «Երաժշտությունը հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի հեղինակները

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Երաժշտությունը հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագիծը ստեղծվեց 2011 թվականին: Գաղափարի հեղինակներն էին ռուս դաշնակհարուհի Մարիա Նեմցովան և սաքսֆոնահար Վիտալի Վատուլյան: Նպատակը մեկն էր ` պատերազմական և կոնֆլիկտային տարածաշրջաններում ապրող մարդկանց բերել լույս արվեստի միջոցով ու ապացուցել, որ միշտ կա ելք: Երաժիշտների ստեղծագործական ուղին լի է արկածներով, հետաքրքիր պատմություններով, էքստրիմի պակաս, ինչպես Վիտալի Վատուլյան է ասում, չկա, քանի որ այդ ուղին, ինչպես նշվեց, անցնում է աշխարհի թեժ կետերով:

«Ամենաուժեղ տպավորություններյց մեկն ունեցել ենք Բեսլանում, երբ ելույթ էինք ունենում այն թաղամասում, որտեղ գտնվում էր սարսափելի պատմությամբ հայտնի այն դպրոցը, այն այժմ հուշահամալիրի է վերածվել: Համերգին ներկա էին նաև զոհված երեխաների ծնողները, ինչն ավելի էր ընդգծում մեր պատասխանատվությունը: Նրանցից շատերը համերգից հետո մոտենում էին մեզ ու շնորհակալություն հայտնում, որ ժամանակվորապես գոնե կարողացել ենք կտրել իրենց ծանր մտքերից: Մայրերից շատերն իրենց օրն անցկացնում են գերեզմանոցում, ամեն օր այցելում են այնտեղ, կարծես աշխատանքի են գնում: Արկածներով լի ճանապարհ ենք անցել Կոսովոյում: Այստեղ համերգներ ունեցանք մի գետի ափին, որը Կոսովոյի սերբական և ալբանական հատվածների ջրբաժանն էր: Տպավորություններն այստեղ ևս չափազանց ծանր էին»:

Երաժիշտերի առաջիկա ծրագրերում Հյուսիսային Կովկասն է, Իսրայելը և Թունիսը, սակայն այս օրերին նրանց կանգառը Հայաստանն է, ինչպես նաև Արցախը: Դաշնակհարուհի Մարիա Նեմցովան և սաքսֆոնահար Վիտալի Վատուլյան երեկ համերգով հանդես են եկել Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցում, երեխաների համար կազմակերպել վարպետության դասեր: Տպավորությունները չափազանց ջերմ են: Այսօր համերգով հանդես կգան Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Համերգներ և վարպետության դասեր կանցկացվեն նաև Էջմիածնում, ինչպես նաև Ստեփանակերտում: Նշենք , որ վարպետության դասերի ժամանակ աչքի ընկած երեխաները Մոսկվայում հանդես կգան համերգներով: Ռուս երաժիշտների հայաստանյան այցի նախաձեռնողը Արամ Խաչատրյանի անվան տրիոն է:

Այս օրերին Երևանում է նաև գերմանացի աշխարհահռչակ դաշնակահար  Բերնդ Գլեմզերը,  ով արդեն 5-րդ անգամ հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Մաեստրո Էդուարդ Թոփչյանի տեղեկացմամբ աշխարհահռչակ դաշնակահարի մասնակցությամբ համերգով  փետրվարի 1-ին կմեկնարկի երևանյան ֆիլհարմոնիկի նոր համերգաշրջանը:

«Ամեն անգամ Հայաստան գալիս և հայաստանյան բեմում ներկայանալիս մեծ բավականություն եմ ապրում: Հայաստանում հրաշալի են ընկալում դասական երաժշտությունը: Դասական հարուստ ավանդույթներ ունեցող Գերմանիայում, մասնավորապես երիտասարդության շրջանում հեռաքրքրությունն այս ժանրի հանդեպ, ցավոք, տարեց տարի նվազում է»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց Բերնդ Գլեմզերը:

Թողնել պատասխան

Back to top button