Միջազգային

ԱՄՆ-ի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատեց Ջոն Քերիի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի թեկնածությանը։ Քերին ստացել է 94 սենատորների աջակցությունը, դեմ է քվեարկել ընդամենը երեք հոգի: Հիշեցնենք՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Քերիի նշանակման հարցով լսումների ընթացքում սենատորները գրեթե միաձայն կողմ էին արտահայտվել նրա թեկնածությանը։ Նախագահ Բարաք Օբաման Քերիի թեկնածությունն առաջադրել էր 2012-ի դեկտեմբերի կեսերին։ Քերին արդեն մի քանի շաբաթ է՝ եռանդով պատրաստվում է նոր աշխատանքին, նրան օգնում է գործող պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Նշվում է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ուղղվածությունը չի փոխվի։ Հայտնի է, որ Քլինթոնը պաշտոնը կլքի փետրվարի 1-ից։ Հիշեցնենք նա, որ Ջոն Քերին Սենատում միջազգային հարաբերությունների հանձնաժողովը նախագահած տարիներին  Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակիցներից էր: Որպես արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի անդամ` նա թույլ չէր տվել Ֆրենսիս Ռիկարդոնեի նշանակումը Թուրքիայում դեսպան` Հայոց ցեղասպանության նկատմամբ վերջինիս դիրքորոշման պատճառով: 90-ականների սկզբին Քերին Սենատում Ազատության օրենքի 907-րդ փոփոխության ընդունման կողմնակիցն էր, որը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը, քանի դեռ այն չի դադարեցրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան:

Թողնել պատասխան

Back to top button