Հասարակություն

Սոցիոլոգ.«Հայաստանի ամեն 6-րդ ընտանիքն ապագայից որեւէ դրական բան չի սպասում»

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Ծրագրային ո՞ր առաջանահերթություններով կշարժվեի, եթե ՀՀ նախագահ ընտրվեի ես: Թե ընտրողներն ինչ պատգամ ունեն նորընտիր նախագահին, այս կերպ փորձել է պարզել «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը՝ հունվարի 18-ից 19-ը հարցում անցկացնելով 1650 չափահաս բնակչի շրջանում: Հարցման արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Հայկական հոգեկերտվածքը մի յուրահատուկ կողմ ունի, երբ հարց ես տալիս՝ որոնք են երկրի , ազգի առջեւ ծառացած առաջնահերթ խնդիրները, մեծ ցանկ են գրում, բայց երբ հարց ես տալիս՝ եթե դու նախագահ դառնայիր ինչպես կլուծեիր, ամեն ինչ շուռ է գալիս»,- ասում է «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ բացատրելով. եթե առաջին դեպքում հիմնականում նշում են ազգային խնդիրները, նոր աշխատատեղերի ստեղծումը, գործազրկության կրճատումը, արտագաղթի կանխումն ու կրթության եւ առողջապահության ոլորտում ծառայությունների որակն ու մատչելիությունը, ապա երկրորդ դեպքում գործազրկությունն ու աշխատատեղերի ստեղծումն իջնում են վերջին, իսկ նպաստների, աշխտավարձերի եւ կենսաթոշաների բարձրացման խնդիրը բարձրանում է առաջին հորազոնական, որովհետեւ, Ահարոն Ադիբեկյանի ձեւակերպմամբ, «այդ վերմակն իրենց բավականին մոտ է»:

«Սա մենք ինչի ենք ասում, երբ որ թեկնածուն սկսում է ելույթ ունենալ՝ ներկայացնել իր ծրագրային դրույթները, նա ենթադրաբար կարծում է, որ նոր աշխատատեղերը, տնտեսական աշխուժությունը դա առաջնահերթություն է եւ ծրագրում մեծ տեղ է տալիս: Ընկալողը չի հավատում նրա ասածին: Կամ հակառակը, ասում են 100 անգամ աշխատավարձերը կբարձրացնենք, 300 անգամ կենսաթոշակները, բայց ի՞նչ ճանապարհով՝ պարզ չի լինում»:

Ըստ հարցման արդյունքների՝ նախագահի թեկնածուների նախապատվության վրա ներազդող գործոններից մեկը ընտրողների սոցիալ-տնտեսական վիճակն է: Հունվարի 18-19 ին հարցմանը մասնակցած 1650 չափահաս բնակիչների 19 տոկոսը իրեն համարել է աղքատ՝ գնահատելով ընտանիքի նյութական վիճակը, 79 տոկոսը՝ համեստ, իսկ մեկ տոկոսը ունեւոր: Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ 2005 թվականի համեմատությամբ նվազել է ունեւորների, մեծացել ՝ աղքատների ու համեստ կարողություններ ունեցողների թիվը:

Սոցիոլոգիական հարցման հաջորդ հարցը առնչվել է ժողովրդի սպասելիքներին, ավելի ճիշտ՝ որքանով են համապատսախանում նախագահի թեկնածուների խոստումները ընտրողների պատկերացումների հետ.«Երկրի համար, համայնքի համար հուսադրող խոստումնալից ապագան եւ քիչ խոստումնալից ապագան եւ անհույս անհաջողը կարծես թե կիսվել են , իսկ ընտանիքներում պահպանվում է – 2/3-ը՝ 3 ընտանիքներից երկուսը ապագային բավականին հույսով է նայում 1/3-ը ՝ հուսալքված ընտանիքներն են: Դա համընկնում է աղքատության շեմում գտնվող ընտանիքների շարքին, եւ ստացվում է , որ Հայաստանի ամեն 6-րդ ընտանիքը այսօր ապագայից որեւէ դրական բան չի սպասում»:

Եւ, իհարկե, հարցման եւ լրագրողների հետ հանդիպման հիմնական հարցը ի՞նչ կանեին , եթե նախագահ ընտրվեին. Հարցվածների 45 տոկոսը առաջին հերթին կլուծեր նոր աշխատատեղեր բացելու, 25 տոկոսը՝ աշխատավարձերի, կենսաթոշակների ու նպաստների բարձրացման, 18 տոկոսը՝ սոցիալական վիճակի բարելավման խնդիրը: 4-րդ հորիզոնականում՝ ընդամենը 8 տոկոս, հետաքրքրել է արտագաղթը կանխելու խնդիրը, ապա առողջապահության եւ կրթության որակի բարձրացումը, խաղաղությունը, եւ վերջին տողում կոռուպցիայի նվազեցման խնդիրը:

Համեմատելով 2011-ին անցկացված նմանատիպ հարցման արդյունքների հետ, Ահարոն Ադիբեկյանը դրական միտում է տեսնում մեկ հարցի վերաբերյալ.«Դրական միտում կա ՝ կապված արտագաղթողների հետ. Բողոքավոր , գործազուրկ զանգվածը կրճատվել է, հիմնականում մնացել են միայն նրանք, ովքեր աշխատավարձ են ստանում եւ հույս ունեն , որ այն կբարձրանա։ Մնացածի՝ հարմարվողների ու չհարմարվողների թիվը բավականին քիչ է»:

Թողնել պատասխան

Back to top button