Հասարակություն

Շնորհավորանքներ Երուսաղեմի Հայոց նորընտիր պատրիարքին

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Երուսաղեմի Հայոց նորընտիր Պատրիարքին՝ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։
«…Փառք Ամենակալին, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը դարեր ի վեր արդյունազարդում է իր սրբազան առաքելությունը Տերունակոխ սուրբ վայրերում և այժմ նորընտիր գահակալիդ կորովի գործունեությամբ պիտի նոր զարթոնք ու շինություն ապրի: Աստծո երկնահեղ օրհնության ներքո Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությունը Ձեր գլխավորությամբ նախանձախնդրորեն պիտի շարունակի տերունապատվեր սպասավորությունն ու պահպանությունը Սուրբ տեղյաց մեր նվիրական սրբավայրերի», — ասվում է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում մեջ:
Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարձրյալն Աստված աջակից լինի նորընտիր Պատրիարքին` շնորհելով արգասալի իրագործումներ ու մշտանորոգ հաջողություններ, և առավել զորացնի Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը` ի փառս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն համայն հավատավոր հայ ժողովրդի:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա- ն էլ հեռախոսով է շնորհավորել Նուրհան արքեպիսկոպոսին։ Վեհափառ Հայրապետը հայտնել է, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության ու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության միջեւ հատուկ գործակցությունը եղել է միշտ եւ վստահաբար վերանորոգ ոգով պիտի շարունակովի այդ գործակցությունը։ Արամ Ա կաթողիկոսը նաեւ հայտնել է,  որ ավելի քան երբեք անհրաժեշտ է որ հայ եկեղեցու նվիրապետական չորս աթոռների միջեւ ներքին միասնականույունը ու ամբողջական գործակցությունը գործնապես արտահայտվի մեր ժողովուրդի հավաքական կյանքում։

Թողնել պատասխան

Back to top button