Տնտեսական

Գործատուների համար աշխատանքային հարաբերությունները ճկուն չեն

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Ներկայում Հայաստանում աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող աշխատանքային օրենսգիրքը 2010-ին որոշակի փոփոխությունների է ենթարկվել, որոշ խնդրահարույց կետեր հարթեցվել են, սակայն դեռ առկա են որոշ բացեր: Դրանք ի հայտ են գալիս, մասնավորապես, այն ժամանակ, երբ գործատուն աշխատանքից ազատում է աշխատողին:

Ճկուն չէ նաեւ աշխատաժամանակի ռեժիմը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր դիտարկումներն է հայտնել Հայաստանի գործարարների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը:
«Աշխատաժամանակի ճկուն ռեժիմ չունենք։ Կա որոշակի սահման` օրական 8 ժամ, շաբաթական 40- ժամյա ռեժիմ, սակայն հստակ սահմանում չկա հերթափոխով աշխատանքի դեպքում հանգստյան օրերի վերաբերյալ: Արձակուրդայինի վճարման դեպքում ևս կա խնդիր. պետք է երեք օր առաջ գործատուն վճարի արձակուրդայինը, բայց ոչ բոլոր գործատուները կարող են գնալ դրան ֆինանսական խնդիրների պատճառով»,- պարզաբանում է նա։
Ցանկացած դեպքում գործատուն պետք է հիմնավորի, թե ինչու է աշխատանքից ազատում, սակայն աշխատողն ինքը պետք է իր իրավունքներն իմանա և պաշտպանի:
Հայաստանում արհմիությունները, որպես այդպիսին, իրենց բուն դերակատարումից հեռու են, ուստի աշխատանքային իրավունքների ոտնահարման դեպքերը քննող հիմնական մարմինն այսօր դատարաններն են: Իսկ «դատարանների դուռն ընկնելն» էլ դժվար տրվող որոշում է՝ հատկապես նման դեպքերում:
Գործատու-աշխատող հարաբերություններում նոր ռիսկերի հնարավորություն է տեսնում նաեւ Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` կապված նոր հարկատեսակի` եկամտային հարկի ներդրման հետ։ Նա չի կիսում ֆինանսների նախարարի հայտարարությունը, թե եկամտային հարկը չի կրճատելու քաղաքացու եկամուտը: Ավելին` ընդգծում է, որ փոփոխությունների մի մասն էլ կոսմետիկ շղարշ է։

Կառավարությունը պետք է գործատուների հետ աշխատանքի նոր ճկուն մեխանիզմներ մշակի եւ կարողանա լծակներ մշակել, որոնց կիրառմամբ թույլ չտա հին աշխատողներին աշխատանքից ազատել, փոփոխություններին գնալ աշխատողների եկամուտների կրճատման միջոցով: Ամեն գործատու չէ, որ բարեխիղճ կգտնվի, եւ ամեն աշխատող չէ, որ ի վիճակի է հետամուտ լինել սեփական իրավունքների պաշտանությանը:
Մարդիկ, ի վերջո, վախենում են կորցնել իրենց աշխատանքը: Ասվածին Հայաստանի գործարարների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանն ավելացնում է իր հիշեցումը` գործող աշխատանքային օրենսգիրքն 2005-ից դրվել է գործողության մեջ: Վերջին փոփոխությունները կատարվել են 2010 թ.-ից: Դուրս է գալիս, որ պարբերաբար փոփոխվող օրենքները փոփոխություններ են պահանջում նաեւ աշխատանքային իրավահարաբերություննեը կարգավորող օրենքներում:

Թողնել պատասխան

Back to top button