ԿարևորՔաղաքական

Աշոտ Մելիքյան.«Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները նվազել են»

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր հրապարակել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի մասին տարեկան զեկույցը: «2011-ի համեմատությամբ 2012-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների քանակը նվազել է, զգալիորեն աճել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակը»,-ասել է Աշոտ Մելիքյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որը ուշադրության կենտրոնում է պահում լրատվամիջոցների ու լրագրողների գործունեությանն առնչվող պայմանները, վաղուց նկատել է այն օրինաչափությունը, որ վերջինների նկատմամբ ճնշումներն ու բռնություններն ավելանում են հատկապես նախընտրական շրջանում: Կենտրոնի նախագահ Աշոտ Մելիքյանն արձանագրում է`այդ առումով բացառություն չէր նաև 2012 թվականը: Բայց մի տարբերություն, այնուամենայնիվ, կար`նախորդ տարիների համեմատ 2012-ին մթոնոլորտը շատ ավելի մեղմ էր: Այդքանքով հանդերձ` մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության 3, իսկ սեպտեմբերի ՏԻՄ ընտրությունների ժամանակ`1 դեպք է արձանագրվել: Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության այլ դեպքեր կոմիտեում չեն արձանագրել: Աշոտ Մելիքյանի խոսքով` 2011-ի համեմատությամբ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության և ճնշումների քանակը նվազել է, փոխարենն ավելացել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը:

Ի դեպ, Աշոտ Մելիքյանը նկատում է, որ ներկայացվածը բացարձակ ճշմարիտ թվերը չեն: Իրականում խախտումներն ավելի շատ են, քան իրենց արձանագրած ու ներկայացրած դեպքերը, որովհետև, բացատրում է, շատ հաճախ լրագրողները չեն հրապարակայնացնում խնդիրները, նախընտրում են ինքնուրույն հաղթահարել կամ պարզապես չնկատել դրանք:

ԶԼՄ-ների դեմ դատական գործերի առումով աննախադեպ էր 2011 թվականը, հիշում ու հիշեցնում է Աշոտ Մելիքյանը: 36 հայց` զրպարտության և վիրավորանքի հիմքերով , ըստ որում` հատկապես ակտիվ էին քաղաքական գործիչները: Այդ դեպքերը գնահատվում էին որպես ճնշում: Ճնշման ալիքը նվազել է 2012-ին: Վարույթ է ընդունվել ընդամենը 16 հայց, դրանցից միայն մեկի հեղինակն է քաղաքական գործիչ եղել, այն էլ ներկայացրել է ընդդեմ բլոգերի: Ինչ վերաբերում է նախընտրական այս շրջանին, ապա Խոսքի ազատության պաշտնապանության կոմիտեի նախագահը լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ ակնհայտ ճնշումների, վերջինների իրավունքների խախտումների դեպքեր առայժմ չի նկատել, չի արձանագրել: Պատճառը, կարծում է, նախորդների համեմատությամբ այս ընտրությունների` ոչ այնքան թեժ լինելն է: Ամեն դեպքում, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեում ուշադիր հետևում են, նույնքան ուշադիր լինելու են նաև ընտրությունների օրը` գործելու է կոմիտեի թեժ գիծը, ինչպես նաև արագ արձագանքման խումբը:

Թողնել պատասխան

Back to top button