ԿարևորՔաղաքական

Սեյրան Օհանյան.«Հայոց բանակը պատրաստ է պատասխանել բոլոր սադրանքներին»

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

«Հայոց բանակը վեր խոյացավ այնպես, ինչպես չէր հաշվարկել ու չէր կարող հաշվարկել հակառակորդը»,- բանակի տոնի կապակցությամբ այսօր հղած շնորհավորական ուղերձում նշել է նախագահ Սերժ Սարգսյանը` շեշտելով, որ «Խաղաղ երկնքի համար մենք կրկին ու կրկին պարտական ենք մեր բանակին», նրանց «ովքեր իրենց կյանքի գնով մեզ վերադարձրին ապրելու մեր իրավունքն ու մեր արժանապատվությունը»: «Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջեւ, որոնց խիզախումով այսօր մեր բանակն արժանիորեն կոչում ենք հաղթական բանակ», ասցած է նախագահի շնորհավորական ուղերձում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առիթով այսօր առավոտյան Եռաբլուր զինվորական պանթեոն է այցելել ` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Պարգև Սրբազանի, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի եւ պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ:

Սերժ Սարգսյանը և նրան ուղեկցող պետական և զինվորական այրերը հարգանքի տուրք են մատուցել Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկի շիրիմներին, ինչպես նաեւ Արցախյան ազատամարտում բոլոր զոհվածների հիշատակին:

«Մենք պատերազմ չենք սկսել ու չենք սկսելու: Սա ակնհայտ է»,- այս մասին նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Բանակի օրվա առթիվ հղած իր շնորհավորական ուղերձում: Երկրի ղեկավարը նկատել է, որ Զինված ուժեր չունենալը, թերեւս, ոչ մի ժողովրդի կյանքում չի ունեցել այնպիսի ծանր ու ողբերգական հետեւանքներ, որքան մեզ համար: «Գուցե, սա է պատճառը, որ մեր բանակը ստեղծման օրվանից զգացել է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը: Ստեղծված օրվանից եղել է ժողովրդական բանակ»,- ասված է գերագույն, գլխավոր հրամանատարի ուղերձում:

Տոնական այս օրը նախեւառաջ միմյանց շնորհավորելու առիթ է եւ դա էին առաջին հերթին անում եռաբլուր ժամանած բազմաթիվ ազատամարտիկները, ԵԿՄ անդամները, ՀՀ և ԼՂՀ Զինված ուժերի ներկայացուցիչները:
Արցախյան ազատամարտի հաղթական ավարտից հետո, ազգային բանակը կայացման մեծ ճանապարհ է անցել: Ազատամարտի թոհուբոհով անցած տղաներից շատերն են այսօր շարունակում ծառայել հայոց բանակում: Նրանք վստահեցնում են` հայկական զինված ուժերը հայկական զույգ պետությունների պաշտպանության եւ անվտանգության հուսալի երաշխավորն են:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ օրվա խորհրդին անդրադառնալով, նախ իր շնորհավորանքի խոսքը հղեց. « Հայոց բանակի օրը համաժողովրդական տոն է, ուստի ես ուզում եմ շնորհավորել բոլորիս այս տոնի կապակցությամբ: Կարծում եմ, որ Հայոց բանակն իր անցած 21-ամյա ճանապարհին մի քանի անգամ ապացուցել է, որ ունակ է լինելու մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի անվտանգության ապահովման երաշխավորը»:
Նախաար Սեյրան Օհանյանը շնորհավորեց այս պահին առաջին գծում կանգնած զինվորներին, ինչպես նաև` զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ժողովրդին էլ ցանկանալով խաղաղություն շեշտեց, որ հայոց բանակը պատրաստ է պատասխանել բոլոր սադրանքներին:

Վերադառնալով գլխավոր հրամանատարի այսօրվա ուղերձին` նշենք նաեւ, որ իր խոսքում երկրի ղեկավարը նկատել է, որ Արցախի եւ Հայաստանի դեմ պատերազմը սանձազերծվել եւ պարբերաբար բորբոքվել է հիմնականում մեկ պատճառով` մեր ուժը եւ ներուժը թերագնահատել են: «Այս թերագնահատումը շատ ծանր է նստել բոլորի վրա: Հայաստանի զինված ուժերն այսօր այլեւս դժվար է թերագնահատել: Սա լրջագույն կռվան է՝ հօգուտ խաղաղության պահպանման: Հեշտ եւ արագ պատերազմների մասին հեքիաթներին այլեւս ոչ ոք չի հավատում»,-ասված է նախագահի ուղերձում:

Թողնել պատասխան

Back to top button