ԿարևորՔաղաքական

Հայոց բանակը 21 տարեկան է

Հունվարի 28–ը նշվում է որպես Հայկական բանակի օր, որը ձևավորված ավանդույթի համաձայն նշվում է Եռաբլուր–պանթեոն այցելությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու Ղարաբաղյան պատերազմում զոհված հայ ազատամարտիկներին, որոնց՝ որպես կամավորների, ներդրումը հսկայական էր հայոց բանակի ձևավորման հարցում: Բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի Հանրապետության հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը:

Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: Արդեն 1994 թվականի հունիսից վերջնականապես ձևավորվեցին բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները: Հայկական ազատ հանրագիտարանում տեղ գտած ձևակերպման համաձայն՝ Հայկական բանակը Հայաստանի զինված ուժերի ամենամեծ ճյուղն է և բաղկացած է ցամաքային ուժերից, պատասխանատու երկրի ռազմական գործողությունների համար: Այն հիմնադրվել է Հայկական ռազմական ուժերի այլ բաղկացուցիչների հետ համատեղ, 1992թ. հունվարի 28-ին, Սովետական Միությունից հանրապետության անկախության, հռչակումից մի քանի ամիս հետո:

Բանակի առաջին հրամանատարը դարձավ Սովետական Միության ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ՝ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Իր ռազմավարական գործընկերների հետ համաձայնագրերին համապատասխան, Հայաստանն ավելի քան 1,500 սպա է ուսման ուղարկել Հունաստան և Ռուսաստան: Ղարաբաղյան հակամարտության սառեցումից հետո Հայաստանը պարտադրված էր զարգացնել բանակի բաղկացուցիչները՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ամրացնել պաշտպանությունը հարևան Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Հայաստանի Զինված ուժերը կազմված են Հայաստանի ցամաքային զորքերից, Հակաօդային պաշտպանության զորքերից, Ռազմաօդային ուժերից և Սահմանապահ զորքերից։ ՀՀ-ում զորակոչը պարտադիր է արական սեռի բոլոր ներկայացուցիչների համար։ Զորակոչի տարիքը 18 տարեկանն է։ Զորակոչը կատարվում է 2 փուլով՝ գարնանային և աշնանային։

Թողնել պատասխան

Back to top button