Քաղաքական

Երևան կժամանի ՀԱՊԿ ղեկավարը

Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր Երևան է ժամանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը, որի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կստորագրեն Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրելու մասին հուշագիր: Ըստ ԱԱԽ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ շուրջ 40 հոգուց բաղկացած պատվիրակության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից Գործարար խորհրդի անդամներ:

Տեղի կունենա Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից Գործարար խորհրդի հայ-ռուսական ազգային մասերի համատեղ նիստը, որի ժամանակ կստորագրվի նիստի արդյունքների վերաբերյալ արձանագրություն: Կքննարկվեն Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը, ինչպես նաև ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Այցի շրջանակներում պատվիրակության կազմում ընդգրկված` ռազմաարդյունաբերության ոլորտի ռուսական ձեռնարկությունների ղեկավարները կայցելեն նույն ոլորտի հայկական գործընկեր ձեռնարկություններ, կծանոթանան նրանց արտադրական կարողություններին, կնախանշեն համագործակցության նոր ծրագրեր:

Թողնել պատասխան

Back to top button