Հասարակություն

Բանակի տոնը նշվել է Արմավիրի մարզում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձը հանդիսավորությամբ նշվել է Արմավիրում մարզի տարածքում տեղակայված զինվորական զորամասերի զինծառայողների մասնակցությամբ։ Նրանց թվում  նաև Արմավիրի մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի հրամանատար, գնդապետ Գևորգ Ենոքյանը:  Հրամանատարը բանակի կազմավորման օրվանից հայոց բանակի շարքերում է, իր կյանքը չի պատկերացնում առանց բանակի: Ծառայության համար  բազում պարգևներ ունի` «Մարտական խաչ»՝ 2-րդ աստիճանի, «Հայրենիքին մատուցած ծառայության համար», ԼՂՀ նախագահի կողմից էլ արժանացել է Մարտական գործողությունների համար մեդալի, անբասիր ծառայության համար Գարեգին Նժդեհ, Անդրանիկ Օզանյան ու մի շարք այլ մեդալների:
Ուսումնական զորամասում  նորակոչիկները 5 ամիս են ծառայում: Հրամանատարի խոսքերով՝ նրանք զորամաս են մտնում շուրջ 35 տոկոս զինվորական պատրաստվածությամբ, ծառայելու ցանկություն ունեն, քանի որ բոլորն էլ գիտակցում են, որ հայորդի են ու պետք է ծառայեն բանակում:
Զորամասում  ծառայության և ուսումնառության համար կան  անհրաժեշտ պայմաններ։ Ծառայության ընթացքում դառնում են տանկիստներ, նշանառու օպերատորներ, մեխանիկ վարորդներ, ջոկի կրտսեր հրամանատարներ:
Բարձրաստիճան սպան իր շնորհավորանքն ուղղեց բոլոր զինծառայողներին բանակի 21-րդ տարելիցի կապակցությամբ՝ ցանկանալով կապույտ, անամպ երկինք, այսօր առաջին գծում կանգնած զինվորներին համբերություն, որ պահում են մեր հայ ազգի անդորրը:

Բանակում տղամարդկանց հետ ծառայում են նաև կանայք։ Ենթասպա Էլմիրա Մալունցը բուժաշխատող է։  Արդեն  8 տարի ծառայում է Հայոց բանակում,  աշխատում է  զորամասի բուժկետում, դեղատան վարիչն է: Զորամասում միայն սուր ռեսպերատոր հիվանդությունների, երբեմն էլ` ջրծաղիկի դեպքեր են ունենում: Բուժումը ժամանակին կազմակերպում են։ Գոհ է, որ ծառայում է  հայոց բանակում:

Նարինե Գասպարյանը 4-րդ տարին է զինվորագրված է հայրենիքին, զորամասում գաղտնի մասի պետն է, երկու որդի ունի։ Առաջնեկը 1 տարուց զորակոչվելու է, ցանկություն հայտնեց, որ իր տղաները նույպես ընտրեն իր գործն ու  շարունակեն ծառայությունը:
Նարինեի համար այսօր կրկնակի տոն է։ Հայոց բանակի 21-ամյակի հետ միասին նշում է նաև իր բնակարանամուտը, որտեղ օրեր առաջ  տեղափոխվեց վթարային շենքից: Նրա բարեմաղթանքն է`  խաղաղություն, որ բոլոր մայրերի դեմքին միայն ժպիտ լինի, հավատով, հույսով ճանապարհեն իրենց որդիներին, որ ոչ մի մոր աչքից երբեք արցունք չկաթա, մեր բանակն  այնքան ամուր ու  հզոր լինի, խաղաղ լինի, որ բորլորը հավատով ու հպարտ իրենց որդիներին ճանապարհեն բանակ` մեր ազգը պաշտպանելու:

Հայկական բանակին իրենց զորակցությունն են բերում նաև հասարակական կազմակերպությունները, որոնք սեփական ցանկությամբ են հանձն առել հայրենիքի պաշտպանությունը և հսկում են հայրենի եզերքը  օտարերկրացու ոտնձգություններից:

Արմավիրի մարզի Հայկ ազատագրական միջազգային միավորման շտաբի պետ , փոխգնդապետ Յուրա  Տիգրանյանանը ազգային անվտանգության նախկին աշխատակից է եղել,  արդեն յոթ տարի հասարակական կազմակերպությունում  է: Իրենց տղաները պահում են սահմանը Ագարակի և Ղուկասյանի  սահմանակետերում:

Զինվորականներին  տոնի կապակցությամբ շնորհավորեց և  դրամական պարգևներով խրախուսեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։ «Մեր երկրի ապահովությունը առաջին հերթին բանակի հզորությամբ է պայմանավորված, մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է»,- ասաց մարզպետը:

Թողնել պատասխան

Back to top button