Հասարակություն

Միասնական բանակն ու ժողովուրդն անպարտելի են

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Այսօր՝ Բանակի օրվա նախաշեմին, Երևանի պետական համալսարանում ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին է հանդիպել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նա մեծագույն պատիվ համարեց մայր բուհում  հյուրընկալվելը և ավելացրեց, որ ամեն  անգամ Երեւանի համալսարանում  հանդիպելով ուսանողների  և պրոֆեսորադասախոսական կազմի հետ` փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերում հետագա համագործակցության համար:
Մեր պաշտպանական համակարգը և անվտանգության միջավայրը կանոնակարգված դարձնելու համար պետք է կիրառել հանրապետության յուրաքանչյուր խավի ներուժը, ասում է  նախարարը` հավելելով, որ բազմիցս է անդրադարձել հայոց բանակի կայացման առանձնահատկություններին

Բանակն ու ժողովուրդը որտեղ որ միասնական են, այնտեղ նրանք անպարտելի են, շեշտեց նախարարը: Ամփոփելով 2012 թվականը՝ Սեյրան Օհանյանը շեշտեց, որ նախորդ տարին   ԶՈՒ համար առանձնահատուկ էր` պատրաստության և կարգապահության ոլորտներում:

2011 թվականը մեր պատմության մեջ եղել է  ամենալավ տարին, մենք քիչ կորուստներ ենք ունեցել  և փայլուն կարգապաությամբ ենք աչքի ընկել: Նույն ցուցանիշները պահպանել ենք 2012-ին, ընդգծեց ոլորտի պատասխանատուն։ 2013 թվականին շատ են աշխատանքները արատավոր երևույթների դեմ պայքարում:

Նախարարը ցավով նշեց, որ 2012 թվականին եղավ լարվածության որոշակի աճ՝ հակառակորդի դիպուկահարների կրակոցներով  և դիվերսիոն հետախուզական խմբերի գործողություններով պայմանավորված։

«2012 թվականին առաջին գծում ունեցանք կորուստներ։ Մեր զինծառայողները դիրքերում հերոսաբար կռվեցին և հերոսաբար զոհվեցին»,- ասաց նա։

Սեյրան Օհանյանը հպարտ է, որ մենք ունենք   զինվորներ, ովքեր անձնուրաց կռվում են, զոհվում, բայց չեն թողնում դիրքը: Դա հայրենասիրական դաստիարակության արդյունքն է, շեշտեց նախարարը:
Մեր ստորաբաժանումների հմուտ գործողություններով արժանի հակահարված ենք տվել և կանխարգելիչ միջոցառումներ իրականացրել հենց հակառակորդի տարածքներում, ընդգծեց Սեյրան Օհանյանը։

Թողնել պատասխան

Back to top button