ԿարևորՀասարակություն

69 տոկոսն արդեն որոշել է մասնակցել ընտրություններին

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Գործող նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական քարոզարշավը սկսել է 68,6% վավեր քվեներով: Նրա հիմնական մրցակիցը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների համեմատ բազմապատկել իր համակիրների թիվը: Եթե նախագահական ընտրությունները կայանային անցած շաբաթ, նա կհավաքեր 20,8% վավեր քվե, ցույց են տալիս Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի հարցումները, որոնք անցկացվել են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Հարցումներն անցկացվել են հունվարի 15-20- ը հանրապետության 10 մարզերում և Երևանի 12 համայնքներում 1607 մարդկանց շրջանում։

Ըստ այդ հարցումների` եթե ընտրությունները լինեին քարոզարշավից առաջ, 5- ական տոկոս էլ կստանաին նախագահի թեկնածուներ Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանը: Հարցումն իրականացվել է ամենաբարձր չափանիշներով, ամենաբարձր որակով և տվյալներն իրապես շատ վստահելի են, հավաստիացնում է Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի Բրյուսելի մեթոդների և վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը, միևնույն ժամանակ ընդգծելով, որ ըստ այդ արդյուքների հարցվածների 69%-ը արդեն հստակ որոշել է մասնակցել ընտրություններին։
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարցվողների 50 տոկոսը կարծում է, որ գործող նախագահի իշխանության տարիներին իրավիճակը բարելավվել է, իսկ մնացած 50 տոկոսը գտնում է, որ ընդհակառակը՝ զգալի վատացել է: Համեմատելով 5 տարի առաջվա և այսօրվա տվյալները՝ հստակ երևում է, որ հասարակության 2/3-րդը Հայաստանյան այսօրվա իրավիճակը գնահատում է վատ: Բայց ընդհանուր առմամբ`հարցումներից երևում է, որ ընդհանուր տրամադրվածությունը գործող նախագահի նկատմամբ դրական է: Քարոզարշավից առաջ իրականացված հարցումները նաև ցույց են տալիս, որ հայաստանցիները բավականին հետաքրքրված են քաղաքականությամբ`53 տոկոսը»,- ասում է նա։
Հարցումների համաձայն՝ քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուրը շարունակում է մնալ հեռուստատեսությունը: Ինտերնետի դերը շարունակաբար աճում է, այն դեպքում, երբ տպագիր մամուլի դերը նվազում է:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» հասարակական կազմակերպության հաջորդ հարցումները կանցկացվեն քարոզարշավի ընթացքում և դրանք հանրությանը կներկայացվեն փետրվարի 9-ին: Փորձագետները չեն  բացառում, որ այդ արդյունքները կարող են ներկայացնել բոլորովին այլ պատկեր։

Թողնել պատասխան

Back to top button