Միայն Հանրային ռադիոն տարիքային բոլոր խմբերի համար հաղորդումներ ունի


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հասարակության համար հեռուստատեսությունն ամենազդեցիկն է, լսարանը՝ամենակայունը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Կարինե Տիտանյանը:
Ըստ նրա` հեռուստատեսությունն այսօր և’ լիարժեք կատարում է իր գործառույթը, և’ թերանում որոշ հարցերում, քանի որ ապահովում է բազմաշերտ լրատվություն:
Հեռուստածրագրերում մանկական հաղորդումները և կան, և չկան, նկատում է ր Կարինե Տիտանյանը: Վերջինս համաձայն է, որ այսօր հեռուստատեսությունում չկան բազմաբնույթ և բազմապիսի հաղորդումներ: Երեխան ծնվում և մեծանում է ընտանիքում, ապրում մի միջավայրում և կյանքից քաղում այն, ինչ տեսնում է, ուստիև «հեռուստատեսությունը մշակութային քաղաքականություն պետք է վարի և երեխաներին պետք է տա այնպիսի գիտելիքներ, որն ուրիշ տեղից երեխան չի կարող ստանա»։
Մեր երկրում ոչ բոլոր ընտանիքներին է հասու երեխաներին տանել արվեստի կենտրոններ, ուստի բացը պետք է լրացնեն հեռուստատեսությունը, ռադիոն, տպագիր մամուլը: Ծնողն ինքը պետք է կրթված լինի և կարողանա ուղղորդել երեխային՝ ինչ հաղորդում դիտել, ասում է Տիտանյանը:
Խորհրդային ժամանակների հետ համեմատած՝ այժմ մանկական հաղորդումները քիչ են, ասում է Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի ղեկավարը: Վերջինիս խոսքով՝ միայն Հայաստանի հանրային ռադիոն է, որ տարիքային բոլոր խմբերի համար ունի հաղորդումներ:
Այն, որ հեռուստատեսությունն ապականում, այլասերում է երեխային, համաձայն չէ, քանի որ բոլոր ժամանակներում էլ երեխաները հեռուստացույց դիտել են: Խնդիրըն այն է, թե ովքեր են մանկական ծրագրեր կազմողները:
Հոգեբան Անահիտ Արզումանյանի կարծիքով՝ այսօր չկա մի հաղորդում, որը հասցեագրված լինի դեռահասին և դա է պատճառը, որ նա իրեն հետաքրքրող նյութերը փնտրում է ինտերնետում:
Սոցիոլոգ Կարինե Տիտանյանը նշում է, որ 10-16 տարեկան երեխաների շրջանակում կատարած իրենց հարցումները ցույց են տվել, որ այդ տարիքային խմբի երեխաներն այնքան հետաքրքրված չեն մուլտֆիլմերով, որքան այժմյան սերիալներով: Եվ դրա համար էլ ծնողները պետք է հսկեն, թե ինչ է դիտում երեխան:
Հոգեբան Անահիտ Արզումանյանի կարծիքով՝ չկան այնպիսի հայկական հաղորդումներ, որոնք ագրեսիա են փոխանցում երեխաներին, ինչը, սակայն, չի կարելի ասել արտասահմանյան հաղորդումների եւ կինոնկարների մասին: