Միջազգային

Հաստատվել է Ջոն Քերիի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում

Ամերիկյան սենատորների մեծ մասը հաստատել է ԱՄՆ սենատի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Ջոն Քերիի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում : Նրա թեկնածությունը անցած տարեվերջին առաջադրել էր նախագահ Բարաք Օբաման: Ջոն Քերին հանդես գալով կոնգրեսի լսումներին՝ ուրվագծել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության, Ռուսաստանի հետ հարաբերությունների և մի շարք այլ խնդիրների ուղենիշերը: «Ամերիկյան արտաքին քաղաքականությունը չի որոշվում անօդաչու ինքնաթիռների կամ արտասահմանում զորքերի տեղակայմամբ: Դրանում հիմնական բաղադրիչը սննդի անվտանգության, մարդասիրական օգնության, հիվանդությունների դեմ պայքարի և զարգացման աջակցման ծրագրերն են»,-ասել է Քերին:

Սենատորի խոսքով, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նա մտադիր է զգալի ուշադրություն դարձնել կլիմայի փոփոխության խնդիրներին, ժողովրդավարության և ազատության աջակցման հարցերին՝ աշխարհի տարբեր հատվածներում, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի և Իրանի խնդիրների լուծմանը: Անրադառնալով Ռուսաստանի հետ միջուկային ռազմավարական սպառազինության կրճատման խնդրին, նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է ակտիվացնել Մոսկվայի հետ երկխոսությունը: «Որքան ես գիտեմ, նման երկխոսություն՝ ռազմավարական սպառազինության մասին գնում է… Մենք մտադիր ենք այն շարունակել և… այն կապում ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման հետ»,-ասել է Քերին:

Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության` ռազմավարական միջուկային սպառազինության կրճատման պայմանագրի վերաբերյալ, սակայն ցանկանում է, որ Վաշինգտոնը արտասահմանում առկա բոլոր միջուկային մարտագլխիկները տեղափոխի իր ազգային տարածք, ինչպես իր ժամանակին արեց Մոսկվան:

Թողնել պատասխան

Back to top button