Հասարակություն

Արմավիրի մարզում պակասել է անցանկալի հղիությունից ազատվողների թիվը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում վերջին տարիներին տղաներն ավելի շատ են ծնվում, քան աղջիկները:  կարծիքներ կան, որ դա պայմանավորված է հղիության ընտրողական արհեստական ընդհատմամբ: Արմավիրի մարզում թերևս քիչ են  հղիության այսօրինակ ընդհատումները փոքր վիրահատությունների միջոցով, այդուհանդերձ տղաների ծնունդներն ավելի շատ են:

«Ժողովուրդն ասում է, եթե պատերազմ է սպասվում` տղաները     շատանում են, իսկապես շատ են»,- ասում է  Արմավիր  բ/կ-ի սոնոգրաֆիստ  Վարդուշ Սուրենյանը: Միայն անցած տարի Արմավիրի ծննդատանը գրանցվել է 1001 ծնունդ, որից`525 տղա, 478-` աղջիկ: Նորածիններից  2-ը  զույգ է եղել,  1-ը` տղա-աղջիկ,  մյուսը` 2 տղա: Արդյունքում՝ ծնված տղաների թիվը գերազանցել է  հակառակ սեռի թվաքանակը: Այսինքն՝ միայն  2012թ-ին Արմավիրի հիվանդանոցում ծնված աղջիկների թիվը 47-ով պակաս է տղաների թվից:
Ինչով է դա պայմանավորված: Հանգամանքը շատ հաճախ բացատրվում է երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատմամբ: Անցած տարի  Արմավիր բժշկական կենտրոնում գրանցվել է հղիության 268 արհեստական ընդհատում:  Մանկաբարձ- գինեկոլոգ  Օֆելյա Պողոսյանը տեղեկացրեց, որ իրենք  հղիության արհեստական ընդհատումներ իրականացնում են մինչև 12 շաբաթական հղիություն ունեցող կանանց մոտ:
Բաժանմունքում նախորդ տարիների համեմատությամբ պակասել է անցանկալի հղիությունից ազատվողների թիվը: «Այժմ կանայք ավելի տեղեկացված են և չհղիանալու տարբեր միջոցներ են կիրառում:  Մենք դեմ ենք աբորտներին։ Ճիշտն ասած՝  համոզում ենք նրանց, որ երեխա բերեն, բայց ելնելով սոցիալական պայմաններից և չնախատեսված հղիությունից` ստիպված ենք լինում ընդհատել հղիությունը մինչև 3 ամսականում», -ասաց  մանկաբարձ- գինեկոլոգը: Դիմողները հիմնականում 25-35 տարեկան են, որոնց մի մասը խուսափում է 3-րդ երեխան ունենալուց։
Որքան էլ ցավալի է, հաճախ լինում են առաջին հղիության ընդհատումներ` առանց հետևանքների մասին մտածելու, որը կնոջը  երբեմն  զրկում է կրկին մայրանալու բերկրանքից: Արմավիրի կանաց կոնսուլտացիայի  բաժանմունքի վարիչ Մերի Օսիպովան  դեմ է փոքր վիրահատության եղանակով հղիության արհեստական ընդհատումներին: Նա  նշեց, որ  ընտանիքի պլանավորման ծրագրի համաձայն՝ հակաբեղմնավորման տարբեր միջոցներ են կիրառում, որը թույլ է տալիս ազատվել անցանկալի հղիությունից:
Մանկաբարձ-գինեկոլոգը չժխտեց, որ կանանք դիմում են նաև ընտրողական կամ սելեկտիվ հղիության արհեստական ընդհատման։

«Ինչքան էլ մենք ասենք՝ Հայաստանում չեն թույլատրվում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, այնուամենայնիվ՝ լինում է: Ես ինքս դրանով չեմ զբաղվում: Սեռը որոշվում է 13 շաբաթականից հետո։ Ես հղիության այդպիսի ընդհատում չեմ անում»:
Թևավոր խոսք կա` արգելված պտուղն ավելի քաղցր է։ Եթե հանրապետությունում արգելվի երեխայի սեռի որոշմամբ ուլտրաձայնային հետազոտությունը, ապա այս դեպքում կբարձրանա կոռուպցիան, այսինքն՝ ստվերային գործունեություն կծավալեն սոնոգրաֆիստները:
Արմավիրի հիվանդանոցում հունվարի 23- դրությամբ ծնվել էր 67 երեխա` 41 տղա և 26 աղջիկ:  Տարվա սկզբին արդեն ունեցել են  արական սեռի 1 զույգի գրանցում:  Աղջիկների թիվը հավասարվել է ու մեկով գերազանցել 2012թ   հունիս ամսին,  81 ծնունդից 41` աղջիկ էր:  Հիվանդանոցում այս տարվա    հունվարի 20-23- ին ծննդաբերած կանանցից որևէ մեկը չէր դիմել ուլտրաձայնային հետազոտման` երեխայի սեռը  որոշելու նպատակով:
Երիտասարդ մայրերն  իրենց երեխաների ծնունդն  Աստծո պարգևն են համարում:  28– ամյա Աննան  առաջնեկի  ծնվելուց 2 տարի անց 2-րդ տղան ունեցավ: Հայրն ավելի շատ էր ուրախացել, իսկ  մայրը ցանկացել էր աղջիկ ունենալ։

«Կուզեի, որ աղջիկ լիներ։ Աաջնեկս տղա էր։ Բայց որ տղա է, ոչինչ»,- համակերպված իրավիճակին ասաց Աննան, իսկ 3-րդ երեխայի ունենալու մասին լռեց:
Թեհմինեի  5-րդը  աղջիկ էր: Նրա ընտանիքում ժողովրդագրական պատկերը փոխվել է 4 աղջիկ ունի և 1 տղա: Արմինեն 4-րդ երեխան էր ունեցել, վերջինը աղջիկ ունենալով սեռերի թիվը հավասարվել էր: Նա կրոնական կազմակերպության անդամ է և յուրաքանչյուր հղիություն իր համար ցակալի է:
29- ամյա Հռիփսիմեի 3-րդ զավակը տղա էր, 1 տղա և 1 աղջիկ էլ ուներ: Հղիության ընթացքում նույնպես չի դիմել երեխայի սեռը որոշելու հետազոտության, երեխան ցանկալի էր:
Մանկաբարձ-գինեկոլոգ Մզիա Դանիել Բեկի ներկայացմամբ՝ բժշկի համար կարևորը առողջ երեխայի  ծնվելն է ու մոր առանց բարդությունների ծննդաբերությունը: Բժիշկները հետաքրքվում են մորից՝  քանի երեխա ունի, ինչ սեռի են, սակայն կարևորություն չեն տվել սեռերի տարբերությանը։ Մզիա Դանիել- Բեկի տեղեկացմամբ՝  իրենց հարցման արդյունքում  հղիների քիչ մասն է տեղեկացված՝  ինչ սեռի երեխա է ունենալու։
Ուլտրաձայնային հետազոտությունը որոշակի պարզությամբ  ուրվագծում է երեխային կնոջ որովայնում: 18 օրականից սկսած բաբախում է երեխայի սիրտը, ձևավորվում է գլխուղեղը, այնուհետև`  մնացած մասերը, իսկ 13 շաբաթականում, պտղի սեռն իմանալուց հետո, երեխան հաճախ չի ծնվում: Սոնոգրաֆիստ Վարդուշ Սուրենյանը հավաստիացրեց, որ իրեն շատ քիչ են դիմում երեխայի սեռն իմանալու համար, քանի որ ինքը հետազոտում է միայն կանանց կոնսուլտացիայում հաշվառված հղիներին, որոնց հղիությունը ցանկալի է:
Ուլտրաձայնային հետազոտություն իրականացնող բժիշկը նշեց, որ մայրերի համար նշանակություն չունի աղջի՞կ է ծնվելու, թե՞ տղա։ Շատերը հատկապես աղջիկ են ուզում, սովորաբար,  նա խորհուրդ չի  տալիս դիմել արհեստական ընդհատման։
Ինչևէ,  աղջիկների քիչ ծնվելու հետևանքով  մեր երկրում կնվազի հարսնացուների թիվը, հետևաբար նաև՝ ապագա մայրերի:

Թողնել պատասխան

Back to top button