ԿարևորՏնտեսական

Ֆինանսական խնդիրները շատ հաճախ չիմացության արդյունք են

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Ֆինանսական հաշտարարի գրասենյակն այսօր պարգեւատրել է ֆինանսական մի շարք կազմակերպությունների, որոնք լավագույնն են աջակցել հանրության վստահությունը նվաճելուն:
Իր գործունեության 4 տարիների ընթացքում ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված շուրջ 3100 բողոքների 68%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների:
Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը հիշում է, որ տարիներ առաջ ֆինանսական կազմակերպությունների եւ քաղաքացիների միջեւ ծագող խնդիրները շատ ավելի լուրջ էին:
Հաշտարարն անգամ դեպք է քննել, երբ բանկը քաղաքացու գրավադրած տունը վաճառել է` առանց տիրոջը տեղեկացնելու անգամ: Հարցն, իհարկե, հաջողվել է լուծել հօգուտ քաղաքացու:
Սակայն շատ են լինում նաեւ զավեշտալի եւ սխալ հասցեագրված դիմումները: Համակարգի հաշտարարը շատ է աշխատում քաղաքացիների իրազեկման եւ անգամ մտածելակերպի փոփոխության ուղղությամբ:
Իր գործունեության ընթացքում ֆինանսական համակարգի հաշտարարը զբաղվել է նաեւ սպառողների կրթման ծրագրերով, թեպետ դա ամենեւին էլ չի մտնում նրա պարտականությունների մեջ: Սակայն փորձը ցույց է տվել, որ ֆինանսական կառույցների հետ խնդիրները շատ հաճախ հենց չիմացությունից են ծագում:
Օրինակ` շատ են դեպքերը, երբ քաղաքացին բողոքում է բանկից, սակայն այդ նույն բանկի հետ ինքն է կնքել խնդրահարույց պայմանագիրը` առանց կարդալու անգամ այն: Մարդիկ հիմա ավելի իրազեկ են եւ ավելի վստահությամբ են դիմում ֆինանսական համակարգի հաշտարարին, որի ծառայությունները, ի դեպ, անվճար են:
Փիրուզ Սարգսյանն արձանագրում է, որ նախորդ տարի զգալիորեն ավելացել են պետական աշխատողներին տրամադրված սոցիալական փաթեթի, ԱՊՊԱ-ի, ընդհանրապեսմի ապահովագրական ընկերությունների դեմ դիմում-բողոքները: Համեմատաբար շատ ավելի քիչ են բանկերից ստացված բողոքները։

 

Թողնել պատասխան

Back to top button