ԿարևորՔաղաքական

Հայաստանի համար առաջնայինը մնում է Ղարաբաղյան խնդիրը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն  այսօր ամփոփել է արտաքին քաղաքական ոլորտում նախորդ տարվա աշխատանքներն ու նշել, որ շարունակելու են բանակցությունների միջոցով հասնել Հայաստանի համար առաջնային համարվող ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:
Հունվարի 28- ին Փարիզում նախատեսված է արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ և հարկ եղած դեպքում հնարավոր է կազմակերպվի նաև հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև, տեսղեկացրեց Էդվարդ Նալբանդյանը: Երկու  եկրների նախագահների մակարդակով հանդիպման մասին առայժմ  խոսք չկա։
Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպւոմներն ընդհատվել էին նախորդ տարվա ամռան վերջին օրը հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքից հետո։
«Ողջ աշխարհն արտահայտեց իր դժգոհությունը: Անհասկանալի է Ադրբեջանի տրամաբանությունը, թե ինչու դա արեց։ Գուցե ուզում էին տապալել բանակցությունները։ Կարելի է այլ եզրակացություններ էլ անել, բայց իրենց տրամաբանությունը երևի այլ տրամաբանություն է»,- նշեց նախարար Նալբանդյանը։

Բանակցություններն այընտրանք չունեն, այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը արտգործախարարը։
Վերջերս պաշտոնական Բաքուն  «Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման մասին» օրենք է ընդունել, որը նպատակ ունի Ադրբեջանի օդային տարածքում արգելված և սահմանափակ գոտիներ առանձնացնել և հարկ եղած դեպքում ռազմական ուժ կիրառել այդ գոտիներում հայտնված քաղաքացիական ինքնաթիռների դեմ:

Այս տեղեկատվությանը կից ներկայացվել էր Ստեփանակերտի օդանավակայանի լուսանկարը: Անդրադառնալով հարցին՝  Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է պարտավորությունը և խոստումը, որ տվել էր միջնորդներին։ Ադրբեջանը պարզապես փորձում է քաղաքականացնել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը։
«Պարտավորություն էր վերցրել Ադրբեջանը, որ զերծ է մնալու ուժի սպառնալիքից քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Չնայած դրան՝ սպառնում է ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների դեմ»,- ասաց նախարարը։
Ստեփանակերտի օդանավակայանը միայն քաղաքացիական և հումանիտար նպատակներով է գործելու շարունակեց նախարարը։ Օդանավակայանի բացումը այլ հարցերի հետ չի կապվում և դա  որևէ ձևով չի կանխորոշում Արցախի կարգավիճակի հարցը, հստակեցրեց Էդուարդ Նալբանդյանը.

Լրագորղները հետաքրքրվեցին, թե ինչպես է արձագանքում Հայաստանի ԱԳՆախարարը Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի կողմից Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վերլուծությունը, որը մի քանի օր առաջ դրվել է դեսպանի բլոգում։ Դեսպանը մասնավորապես նշել էր, թե Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի լավագույն ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը, բայց նաև ցավում, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չի գալիս այս ընտրություններին և որևէ մեկին չեն աջակցում:
Դեսպանի այս գրառմանն  պատասխան Էդուարդ Նալբանդյանն ասաց, որ այն կոռեկտ չէ։

 

Թողնել պատասխան

Back to top button