Քաղաքական

Արման Մելիքյանը մեղադրում է, ԿԸՀ- ն՝ պարզաբանում

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը շարունակում է հետամուտ լինել ընտրությունների օրինականության հարցի լուծմանը: Նա փորձում է տեղեկություններ ստանալ դրսում բնակվող ՀՀ քաղաքացիների թվաքանակի մասին, որպեսզի հնարավորինս բացառի ընտրակեղծիքները փետրվարի 18-ին նախատեսված նախագահական ընտրություններում։

Մելիքյանը մտավախություն ունի, որ դրսում բնակվող մի քանի հարյուր հազար ՀՀ քաղաքացիների ձայները կարող են օգտագործվել հօգուտ իշխանական ներկայացուցչի:
Արման Մելիքյանը սպասում է պատասխանի և այդ մասին տեղեկություններ հրապարակում նաև ֆեյսբուքյան իր էջում: Նա գրում է, որ դիմումը դեռ տեղ չի հասել:

«Չգիտեմ, գուցե հատուկ են ձգձգում, գուցե ծառայողական անփութություն է… Դա իրենց գործն է։ Մենք ապացուցելու ոչինչ չունենք ու եթե չլինեն իրենց պաշտոնական տվյալներն ու պարզաբանումները, մենք կներկայացնենք մերը»,- ասում է նախագահի թեկնածուն:

Եվ ըստ այդմ ներկայացնում իր տվյալներն ըստ որի «Այսօր արդեն հանգիստ ու հիմնավոր կերպով կարող ենք պնդել, որ 2012 թվականի դրությամբ, ըստ պաշտոնական աղբյուրների, Հայաստանից հեռացել է մոտ մեկուկես միլիոն մարդ, որոնցից առնվազն մեկ միլիոնն ունի քվեարկելու իրավունք: Մենք շարունակում ենք հետազոտել այս խնդիրն ու վստահ ենք, որ կունենանք լրացուցիչ տվյալներ> նշված է նախագահի թեկնածու Արման Մելիքյանի ֆեյսբուքյան էջում:

Սրան ի պատասխան Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է պարզաբանմամբ հանդես եկել։ Հանձնաժողովը նշել է, որ նախագահի թեկնածուի դիմումի քննարկումը նախատեսված օր հունվարի 18- ի ժամը 15- ի նիստում, սակայն Արման Մելիքյանի խնդրանքով հարցի քննարկումը տեղափոխվել է նույն օրը 18.00-ի արտահերթ նիստ:

«Դիմումի քննության օրվան հաջորդող առաջին իսկ աշխատանքային օրը` 21.01.2013թ.-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Նշված որոշումը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ստացվել է 22.01.2013թ.-ին, իսկ 23.01.2013թ.-ին ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանին են ուղարկվել համապատասխան տեղեկությունները։
Վերոգրյալ փաստական հանգամանքներով պայմանավորված` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն անհիմն ու անընդունելի է համարում ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի գնահատականները` իբր իր դիմումի պատասխանի «հատուկ ձգձգման» վերաբերյալ»,- ասված է ԿԸՀ պարզաբանման մեջ։

 

 

 

Թողնել պատասխան

Back to top button