ԿարևորՀասարակություն

Սոցհարցումներ. ընտրողների 41 տոկոսն արդեն որոշել է ում ընտրի

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Նախագահական ընտրություններին ընդառաջ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի հունվարի 18-19-ին  անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում 11%-ով աճել է ընտրողների հետաքրքրությունը,  այսօր հայտարարեց կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Քաղաքականությամբ մեր երկրում հետաքրքրվում է ազգաբնակչության 71%-ը, վկայում են հարցման  արդյունքները: Այս ցուցանիշը մեր երկրի համար համարվում է ստանդարտային, ասում է Ադիբեկյանը։

Նախընտրական քարոզարշավի նախօրեին անցկացված հարցումը վկայում է, որ փետրվարի 18-ին ընտրություններին ընտրողների ակտիվությունը կկազմի 58 տոկոս:

Պոտենցիալ մասնակիցների 41 տոկոսը արդեն որոշել է, թե ում օգտին է քվեարկելու, 20 տակոսը դեռևս փնտրտուքների մեջ է։

«Հարցվածների 72 տոկոսը քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին, 20 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյան` 3,5-ական տոկոս»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը։

Ընտրապայքարի մնացած 4 թեկնածուների ձայները բավականին քիչ են և այդ տվյալները նշված չեն «Սոցիոմետրի» հետազոտության արդյունքներում:

Նշենք, որ այս հարցմանը մասնակցել է 1650 քաղաքացի: Ադիբեկյանը հայտնեց, որ մինչ ընտրությունները կանցկացվի ևս 2 հարցում` փետրվարի 1-ին և 10-ին:

Հետգրության կարգով. կարծես հացադուլը դառնում է այս ընտրարշավի բնորոշ գիծը: Արդեն հայտնի է, որ հացադուլավոր նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին կհետևեն երկու գործընկերները` Պարույր Հայրիկյանը և Արամ Հարությունյանը:
Ղուկասյանին կարող է միանալ և առաջադրված, սակայն չգրանցված նախագահի պաշտոնի հավակնորդ Մարտիկ Սարգսյանը, ինչի մասին լրագրողներին հայտնեց Ահարոն Ադիբեկյանը։

Թողնել պատասխան

Back to top button