ԿարևորՀասարակություն

Բնապահպանական խնդիրները, ըստ ոլորտի մասնագետների, նվազելու միտում չունեն

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»  

2013-ի բնապահպանական կարևորագույն խնդիրները` ըստ ոլորտի ներկայացուցիչների: Նրանք այսօր իրենց հուզող խնդիրներն են ներկայացրել լրագրողներին: Բնապահպան Կարինե Դանիելյանը նախորդ տարի ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման դրական միտումներ նկատել է, մինչդեռ բնապահպան Ինգա Զարաֆյանը բնապահպանական խնդիրների լուծման ճանապարհին որևէ դրական բան չի արձանագրել, ավելին, ամեն ինչ շատ ավելի վատ է: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Դիանա Գրիգորյանը վստահեցրել է, որ բոլոր բաց հանքերի շահագործմանն իրենք բացասական եզրակացություն են տալիս:

Հանքարդյունաբերության զարգացում և փոքր ՀԷԿ-երի կառուցում, բնապահպաններն իրենց ոլորտում առայժմ այս երկու խնդիրներն են ամենահրատապը համարում: Ասել, որ բնապահպանական խնդիրների լուծման ճանապարհին ՀՀ-ում ոչինչ չի արվել, սխալ կլինի, սակայն, անելիքներ դեռ շատ կան: «Հանքարդյունաբերության զարգացման դեմ պայքարում դեռ արդյունք չկա»,- ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը: Բնապահպանների ահազանգերին դեռ պատասխանները մտահոգիչ են, այստեղ կրկին բիզնես շահն է առաջնային համարվում.«Այնպիսի վիճակում է երկրի տնտեսությունը, որ ուրիշ ելք չունենք, սկզիբը պետք է լինի ընդերքօգտագործումը, ինչպես բոլոր պետություններն են անցել, հետո նոր փորձենք ավելի էկոլոգիապես անվնաս արտադրությունների զարգացում, որը մենք իրականացնում ենք, բայց մենք այսօր այդ հանքարդյունաբերության զարգացումն այնպիսի թափ է ստացել ու այնպիսի տեսքով, որ ամբողջ տնտեսության հիմքը կտրում»:

Հանքարդյունաբերության զարգացման մեծ տեմպերի պատճառով է, որ և օդն է աղտոտված, և սնունդը, մարդկանց առողոջությանն է վնաս հասցվում: Արդյունքում գյուղատնտեսությունը ևս գոյատևում է, ոչ թե զարգանում: Ի տարբերություն Կարինե Դանիելյանի, Էկոլուր տեղկատվական կենտրոնի տնօրեն ինգա Զարաֆյանը բնապահպանական խնդիրների լուծման ճանապարհին որևէ դրական բան չի նկատել: Նա ևս մտահոգված է բաց հանքերի շահագործմամբ ու ընդհանրապես հանքարդյունաբերության նման առաջանցիկ տեմպերի զարգացմամբ.«Միայն Ծաղկաձոր-Մեղրաձոր-Հանքավան գոտում արդեն մի քանի պրոյեկտ է դրված, որով ընդհանրապես ոչնչացման է ենթարկում այդ գոտին: Մենք այդքան ոչ շատ լավ ջուր, հող ունենք, ընդհանրապես հանգստյան գոտի չունենք»:

Միայն հանքարդյունաբերությունը չէ, որ մտահոգում է բնապահպաններին: Հայաստանում անտառները կորցրել են իրենց որակը, չնայած ինքնավերականգնումն արագ է ընթանում, մինչև անցյալ տարի Սևանա լճի վիճակը բարելավվում էր, ամեն ինչ փոխվեց, երբ կառավարությունը որոշեց ոռոգման նպատակով լճից 317,6 մլն խմ ջուր բաց թողնել: Չնայած լրացուցիչ ուսումնասիրություններ չեն կատարվել, սակայն, բնապահպան Կարինե Դանիելյանը նկատում է՝ չի կարող պատահել, որ նման մեծ քանակությամբ ջուր բացթողնելը լճի վրա բացասական ազդեցություն չունենա: «Տարբեր վարկածներ կան, ստույգ պատասխան, թե ինչու դա արվեց, ես կոնկրետ չունեմ: Որ բնակլիմայական պայմաններն են, ես դրանց չեմ վստահում»:

Որքան էլ պատկան մարմինները վստահեցնում են, որ վերջին շրջանում Երևանում ապօրինի շինթույլտվություն չեն տալիս, նույնիսկ օրինական շինթույլտվություն չի տալիս Երևանի քաղաքպետարանը կանաչ տարածքների հաշվին, միևնույնն է, վաղն օրինակ, Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչները բողոքի ակցիայի են նախապատրաստվում: Էկոլուր տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ինգա Զարաֆյան.«Բողոքի ակցային են մասնակցելու ընդդեմ քարի մշակման գործարանի, որը պետք է կառուցվի: Կանաչ հատվածում կստանանք մի հատ գործարան, որը նույնսիկ փորձաքննություն չի անցել, կամ էլ եեթ անցել է , դա օրինական չի կարող համարվել, որովհետև բնակիչները հասարակական լսումներին չեն մասնակցել»:

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Դիանա Գրիգորյանը վստահեցնում է,որ բոլոր բաց հանքերի շահագործմանն իրենք բացասական եզրակացություն են տալիս, իսկ Ւնգա Զարաֆյանի կոնկրետ՝ Սարի թաղում գաջի հանք շահագործելուն վերաբերող հարցին, այսպես պատասխանեց.«Ես դրա մասին չեմ ուզում խոսել, որովհետև դա ես չեմ արել»: Բնապահպանական խնդիրների թվարկումը կարելի է շարունակել, մի բան, սակայն, հստակ է, դրանց թիվն առաջիկայում նվազելու միտումներ չի ցուցաբերում:

Թողնել պատասխան

Back to top button