Հասարակություն

«Նուբարաշենի» վարչակազմը պատրաստ է քննարկել Ռուս ուղղափառ եկեղեցու քահանայի խնդրանքը

Օրեր առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել Ռուս ուղղափառ եկեղեցու քահանաներից մեկը՝ հայտնելով, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը սահմանափակում է իր մուտքը ցմահ դատապարտյալների խուց: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ կայքը: Քահանան նաև դժգոհում է, որ վարչակազմն իրեն թույլատրել է հանդիպել Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ դատապարտյալների հետ առանձին-առանձին, ինչը , ըստ քահանայի, արդյունավետ չէ, քանի որ առանձին հանդիպումները խաթարում են այն դրական մթնոլորտը, ինչը ստեղծվում է երկու կամ ավելի անձանց հետ միաժամանակ աշխատելիս: Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցներից ստեղծված աշխատանքային խումբը հունվարի 17-ին այցելել էր քրեակատարողական հիմնարկ և պարզել, որ ցմահ դատապարտյալների խուց ներս չթողնելու որոշումը պայմանավորված է եղել քահանայի անվտանգությունն ապահովելու հետ: ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներին հայտնվել է, թե քանի որ չորս հոգուց բաղկացած խցում միայն երկուսն են Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներ, ապա հնարավոր է կոնֆլիկտ ծագի։

Աշխատանքային խմբի հետ քննարկման ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել թույլատրել քահանային հանդիպել ուղղափառ եկեղեցու հետևորդ երկու ցմահ դատապարտյալների հետ այլ սենյակում միաժամանակ և պատրաստակամություն հայտնել՝ այս հարցը քննարկել անձամբ քահանայի հետ, որպեսզի գտնեն լուծման այլ տարբերակներ:

Թողնել պատասխան

Back to top button