Քաղաքական

Քարոզարշավի կասեցման մասին այսօր հայտարարեց Արման Մելիքյանը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Քարոզարշավի հենց առաջին օրը քարոզարշավի կասեցման մասին հայտարարեց թեկնածություն առաջադրած, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը: «Եթե անհրաժեշտ տեղեկություն չտրամադրվի ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, Հայաստանից հեռացածների ու ՀՀ քաղաքացիությունից դուրս եկածների մասին, ապա չենք կարողանա շարունակել քարոզարշավը, քանի որ նման պայմաններում անհնար կլինի կանխարգելել ընտրակեղծիքները»,- մեզ հետ հարցազրույցում ասաց Արման Մելիքյանը:

ԿԸՀ-ին հասցեագրված դիմումի մի քանի կետեր երեք օր առաջ մերժվել էին. «Նախկինում անցկացված համապետական ընտրությունների ժամանակ 400-ից 500 հազար ձայն հավելագրվել է իշխանական ներկայացուցչի օգտին: Վիճակն այդ առումով չի փոխվել: Ներկա պայմաններում իշխանությունը մրցակցությունից դուրս է: Կարծում եմ, այնուամենայնիվ, մեր քայլերը արդյունք կտան, հակառակ դեպքում կմերժեմ ցանկացած արդյունք անգամ, այն դեպքում, եթե ես ընտրվեմ նախագահ»:

Ներկա դրությամբ ընտրությունների օրինականության ապահովման վրա ենք կենտրոնանալու ,- ավելացրեց նախագահի թեկնածուն, ինչը ենթադրում է, որ ընտրողների հետ հանդիպումներ նախատեսված չեն ոչ Երևանում և ոչ էլ մարզերում: Ամեն դեպքում, ԿԸՀ-ն դիմումում նշված հարցերի մի մասը հասցեագրել էր ոստիկանությանը և Արման Մելիքյանն այժմ սպասում է. այս շաբաթվա ընթացքում պարզ կդառնա կլինի քարոզարշավ, թե՞ ոչ:
«Մենք պետք է նոր մշակույթ ձևավորենք: Հակառակ դեպքում իշխանությունը կհաղթի հասարակությանն ու մենակ կմնա»:

Բոյկոտն իբրև ընտրություններից հրաժարվելու ձև անընդունելի է Արցախի նախկին ԱԳ նախարարի համար: «Բոյկոտն անօգնականություն է նշանակում»,- ասաց: «Ոչ»-ը պետք է ասի հասարակությունը և նախագահի թեկնածուն պատրաստ է անգամ իր եթերաժամը տրամադրել ՀՀ քաղաքացուն, ով ասելիք ունի.«Սա եթե օրինականության ապահովման խնդիրը չլուծենք, ապա սա կլինի թատերական բեմականացում»:

Սա ոչ թե մարտահրավեր է իշխանությանը, այլ առաջարկ` համատեղ ջանքերով մթնոլորտ փոխելու, -ասաց Արման Մելիքյանը:

Թողնել պատասխան

Back to top button