Հասարակություն

Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ինչպես նախատոնական օրերին, այնպես էլ հունվարի առաջին օրերին մայրաքաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը շոշափելի նվազել է, լրագրողներին այսօր հայտնեց ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը: Կարգազանցության պակասը նաև վարորդների զգոնության արդյունք է: Սակայն, այնուամենայնիվ ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակը տոնական օրերին դատարկ չէր:

«Այստեղ հունվարի 1-7-ը ընկած ժամանակահատվածում տեղափոխվել է ութ տրանսպորտային միջոց: Դրանցից չորսը հրապարակ են տեղափոխվել ոչ սթափ վիճակում վարելու, մնացած չորսը` խախտումների եւ փաստաթղթերի բացակայության պատճառով»:

Ամանորի օրերին 2 դեպք է արձանագրվել, երբ ճանապարհային ոստիկանները նախանշված վայր են ուղեկցել ուղեւորներով տրասպորտային միջոցները, որոնց վարորդները գտնվել են ոչ սթափ վիճակում: Այս տարի ճանապարհային ոստիկանները խստորեն հետևելու են նաեւ հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկուկության կանոնների պահպանմանը:
Կարգազանց հետիոտների համար նախատեսված վարչական տուգանքի չափը կազմում է 3 հազար դրամ: Այսպես, 2011 թվականին ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու համար 7799 հետիոտն էր տուգանվել, իսկ 2012-ին` 357:
Ըստ պարոն Արշակյանի, լինում են դեպքեր, երբ վարորդներն են հանդես գալիս հետիոտնի կարգավիճակում և արգելված վայրում անցնում են փողոցը` մեքենան կայանելուց հետո:
Փետրվարին կարող են վերանայվել խաչմերուկների կարմիր և կանաչ լույսերի ժամանակահատվածները: Ըստ փոխգնգապետի, այս ուղղությամբ ներկայումս կատարվում է ուսումնասիրություն:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button