ԿարևորՄշակույթ

Կարեն Շահնազարով. Հայկական կինոյի ամենաիրական շուկան Ռուսաստանն է

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Վաղը «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա հայազգի կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմի երևանյան պրեմիերան: Այն պատերազմի մասին Կարեն Շահնազարովի առաջին ֆիլմն է, որն արդեն հասցրել է մեծ համբավ ձեռք բերել:
«Սպիտակ վագրի» իրադարձությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Ըստ սցենարի` խորհրդային զինվորներին ահաբեկում է գերմանական անխոցելի «Վագր» տանկը, որն անսպասելի հայտնվում է եւ անսպասելի անհետանում է: Այս տանկի որոնումներով զբաղվում է գնդապետ Նայդենովը, որն իր առաքելությունը շարունակում է նաեւ պատերազմի ավարտից հետո:
Ֆիլմի հիմնական գործողությունները կատարվում են Արևելյան Գերմանիայում` պատերազմի վերջին ամիսներին: Այն նկարահանվել է Իլյա Բոյաշովի համանուն գրքի հիման վրա:
Պատերազմի մասին ֆիլմ նկարահանելը շատ դժվար է, խոստովանում է Կարեն Շահնազարովը՝ նկատելով, որ այդ աշխատանքը միևնույն ժամանակ շատ հետաքրքիր է և արկածներով լի:

Լրագրողների հետ զրույցում հայազգի կինոռեժիսորը նկատեց, որ հայկական կինոյի ամենաիրական շուկան Ռուսաստանն է և այդ ուղղությամբ պետք է աշխատել: Հայաստանը փոքր երկիր է՝ փոքրաթիվ բնակչությամբ, իսկ կինոն շուկա է պահանջում, ասաց նա։

Խուսափելով գնահատականներ տալուց՝ միայն հիշեցրեց, որ Խորհրդային Միության տարիներին նկարահանվող ֆիլմերը բոլորովին այլ որակ ունեին:

Թողնել պատասխան

Back to top button