ԿարևորՀասարակություն

Ստամբուլը ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրո՞ն. հայաստանյան ՀԿ-ները ՄԱԿ-ի մտադրությունն անընդունելի են համարում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նամակով դիմել են ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան-Կի Մունին, որով իրենց մտահոգությունն են արտահայտել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Բրատիսլավայից Ստամբուլ նախատեսվող տեղափոխման կապակցությամբ` համարելով այս քայլը անտրամաբանական և ոչ նպատակահարմար: Նամակը ստարագրել են հայաստանյան 15 հասարակական կազմակերպությունների ղեկավարները, որոնցից ոմանք այսօր հանդես եկան ասուլիսով:

Անցյալ տարվա դեկտեմբերին հայաստանյան ոչ կառավարական կազմակեպություներին հայտնի է դարձել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Բրատիսլավայից Ստամբուլ տեղափոխման ծրագրերի մասին: ՄԱԿ-ի հանգուցային այս ծրագրի հետ սերտորեն համագործակցող «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց, որ հայաստանյան 15 հասարակական կազմակերպությունները նախօրեին նամակով դիմել են ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան-Կի Մունին և կազմակերպության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներին, որով անընդունելի են համարել Ստամբուլը ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոն վերածելու ծրագրերը: Ինչպես պարզվեց, այս նախաձեռնությունը պատկանում է թուրքական կողմին:

Այս գործընթացները բավականին վտանգավոր են մեր երկրի համար, հայտարարեց տիկին Դանիելյանը, հավելելով, որ ստամբուլյան գրասենյակի առկայության պարագայում ՄԱԿ-ում զգալի կավելանա թուրք-ադրբեջանական ազդեցությունը, ինչը ուղղակիորեն կարող է սպառնալ մեր ազգային շահերին: Նամակում մասնավորապես նշվում է Թուրքիայի կողմից իրագործվել է հայերի, հույների և ասորիների զանգվածային սպանություններ: Հայերի եղեռնը սկիզբ է առել հենց Ստամբուլում, նշված է նամակում:

Թուրքիայում և այսօր ոտնահարվում են մարդու իրավունքները, մասնավորապես ազգային փոքրամասնությունների մասով, ինչը պարբերաբար հանգեցնում է ներքին կոնֆլիկտների, ֆիզիկական հաշվեհարդարների, ինչի վառ օրինակը հայազգի հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանությունն է: Բացի դրանից նամակի հեղինակները նշել են այն հանգամանքը, որ Թուրքիան չունի դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Կիպրոսի հետ, որոնք ակտիվորեն մասնակցում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագծերին:

Նամակի հեղինակները համոզմունք են հայտնել, որ տեղափոխության դեպքում կտրուկ կնվազի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեության արդյունավետությունը: Ըստ տիկին Դանիելյանի, այս նախաձեռնությանը դեմ են հանդես եկել Հայաստանը, Կիպրոսը և Սլովակիան: Որոշակի անհանգստություն ցուցաբերել է և Ռուսաստանը:
Հավելելով իր գործընկերոջ ասածին, «Տապան էկո-ակումբ» ՀԿ նախագահ Հրանտ Սարգսյանը նկատեց, որ վերջին տարիներին ՄԱԿ-ի խոսքի և գործի միջև առկա է զգալի տարբերություն: Ստամբուլը ՄԱԿ-ի եվրոպական մայրաքաղաք վերածելը դեմ է կազմակերպության սկզբունքներին:

Իր հերթին Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը կարևորեց ոչ կառավարական կազմակերպությունների ներուժը` թուրքական մերօրյա ծրագրերին խոչընդոտելու ուղղությամբ: ՀԿ-ների ներկայացուցիչների մտավախություն են հայտնում, որ Թուրքիան փորձում է գնել ՄԱԿ-ին: Ինչ զարգացում կունենա այս պատմությունը` այսօր դժվար է կռահել:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button