ԿարևորՀասարակություն

Հայաստանի շախմատի ֆեդերացիան օրինակ է ծառայում ՖԻԴԵ-ի անդամ 177 երկրի համար. գնահատում են ՖԻԴԵ-ի պատասխանատուները

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանն ունի շախմատային մեծ մշակույթ: Շախմատային գերտերության ավանդույթները վերականգնված են եւ այն այսօր օրինակելի է շատերի համար: Այս մասին խոստովանում են Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի պատասխանատուները: Ծաղկաձորում անցկացվում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահական խորհրդի նիստը: Այդ առթիվ Ծաղկաձոր են ժամանել Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ՖԻԴԵ-ի 23 անդամներ եւ աշխարհի մոտ 20 երկրների շախմատային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստին այսօր մասնակցել եւ ողջույնի խոսքով է հանդես եկել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստից հետո համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել ՖԻԴԵ-ի պատասխանատուները, որոնք նաեւ ներկայացնում են աշխարհի 4 մայրցամաքների շախմատի ֆեդերացիաները: ՖԻԴԵԻ նախագահ Կիրսան Իլյումժինովը մասնավորապես շեշտել է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան օրինակ է ծառայում ՖԻԴԵ-ի անդամ 177 երկրների համար եւ հիմնական հարցը, որ քննարկելու են, դա «Շախմատը դպրոցներում» ծրագիրն է, որը փայլուն է կիրառվել Հայաստանում:

Շախմատը ընդհանուր լեզու եւ մշակույթ է միլիոնավոր մարդկանց համար՝ անկախ նրանց ազգությունից, լեզվից, կրոնից եւ մաշկի գույնից: Ահա, թե ինչու մենք ուշադրություն ենք դարձնում շախմատին

Սերժ Սարգսյան

«Շախմատը մշակույթների եւ քաղաքակրթությունների երկխոսության լավագույն միջոցներից է: Մեր պարտականությունն է փայփայել եւ տարածել շախմատի ավանդույթը: Դա մեծ ներդրում կլինի ավելի լավ աշխարհ կառուցելու ճանապարհին»:

ՖԻԴԵ-ի հետ արդյունավետ համագործակցության համար նախագահը շնորհակալություն հայտնեց հեղինակավոր այդ սպորտային կազմակերպությանը եւ անձամբ նրա ղեկավար Կիրսամ Իլյումժինովին:
«Մենք խորապես բավարարված ենք ՖԻԴԵ-ի հետ մեր համագործակցությամբ: Անկեղծորեն ցանկանում ենք շարունակել եւ խորացնել այն»:

Հայաստանն արդեն տարիներ շարունակ աշխարհին ներկայանում է շախմատի հանդեպ իր մեծ սիրով ու նվիրումով: Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում եւ աշխարհի առաջնությունում Հայաստանին հաղթանակ պարգեւած մեր թիմը բաղկացած է մեր երկրի իսկական աստղերից` նաեւ այս մասին իր խոսքում նկատեց Սերժ Սարգսյանը: Մեր երկրի եւ շախմատի ֆեդերացիայի նախագահի դիտարկմամբ` Հայաստանում ֆուտբոլիստները եւս փորձում են իրենց համբավով հավասարվել շախմատիստներին: «Մեր շախմատիստները օրինակ են ծառայում մեր երեխաներին, ովքեր այս իմաստուն խաղի հիմունքներին ծանոթանում են հանրակրթական դպրոցներում»:

ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի այս տարվա առաջին նիստն անցկացվում է Հայաստանում՝ այս հիանալի երկրում: Փոխանցելով իր գնահատականը մեր երկրի մասին` հեղինակավոր այս կազմակերպության նախագահ Կիրսան Իլյումժինովը հավելեց, որ շատ երկրներ են ցանկանում ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստն անցկացնել իրենց մոտ:

Հայաստանն ընտրելը ՖԻԴԵ-ի նախագահը պատահական չի համաում: Բոլորը քվեարկեցին Հայաստանի օգտին` տեղեկացրեց նա` պարզաբանելով, որ դրան նպաստել է այն, որ վերջին տարիներին Հայաստանի շախմատի ֆեդերացիան օրինակ է ծառայում ՖԻԴԵ-ի անդամ 177 երկրների համար: Իլյումժինովի փոխանցմամբ` ծաղկաձորյան նիստում ՖԻԴԵ-ն քնարկելու է շատ հարցեր` մրցաշարերի, առաջնությունների եւ Օլիմպիադայի մասին, սակայն հիմնական հարցը, որ պետք է քննարկվի, ՖԻԴԵ-ի ղեկավարի խոսքով, «Շախմատը դպրոցներում» ծրագիրն է:

Այն, ինչին հասել է Հայաստանը «Շախմատը դպրոցներում» ծրագրով, չի հաջողվել դեռ ոչ մի երկրի: Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը հաջողությամբ կիրառել է շախմատը դպրոցներում դասավանդելու մեթոդը

Կիրսան Իլյումժինով

ՖԻԴԵ փոխնախագահ, ազգությամբ հույն Գեորգիոս Մակրոպուլուսն իր հերթին շեշտեց, որ հաճելի է Հայաստանում գտնվելը: Նա հիշեց, որ 16 տարի առաջ է եղել մեր երկրում: Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի փոխնախագահի խոսքից մի հատված լսենք` զուգընթաց թարգմանությամբ. «Մենք ամեն բան գիտենք հայկական շախմատի մասին: Հայաստանը հզոր է շախմատում: Հայաստանը օրինակելի է շատ երկրների համար: Մենք վստահ ենք, որ շախմատը կարող է օգնել շատերին, հատկապես, երեխաներին ճիշտ մտածելու հարցում: Հայաստանը դա ապացուցում է: Եվ մենք աշխատելու ենք այս ծրագրի վրա»:

ՖԻԴԵ սինգապուրցի գլխավոր քարտուղար Լեոնգ Իգնատիուսն ասաց, որ իրենք այնտեղ ունեն հայկական փողոց: Շատերն են իրեն հարցրել` ինչու Հայաստանը եւ ոչ թե Ռուսաստանը: «Ես ասում էի` դուք կտեսնեք մի քանի տարի հետ»,-ասաց նա` հավելելով.«Երբ Հայաստանը դարձավ շախմատի օլիմպիադայի եռակի չեմպիոն, ես չզարմացա»:

ՖԻԴԵ-ի գլխավոր քարտուղարը, նկատելով, որ մարդիկ տեսնում են արդյունքները, հավելեց, որ ինքը Հայաստան է եկել Թբիլիսիից ավտոմեքենայով եւ հասկացել, թե որքան դժվար է կառավարության համար` շախմատի սիրահարներին, փոքր գյուղերին համախմբել շախմատի գաղափարի շուրջ: Լեոնգ Իգնատիուսն ասաց, որ կա լավ արդյունք` կառավարության, կրթության նախարարության շնորհիվ եւ իրենք ցանկանում են, որ Հայաստանը կիսի իր օրինակը բոլորի հետ:
Հայաստանի օրինակը գնահատեցին եւ այդ փորձի փոխանակման անհրաժեշտության մասին խոսեցին նաեւ ՖԻԴԵ-ի փոխնախագահներից ԱՄՆ-ն ներկայացնող Բեաթրիս Մարտինելոն, ՖԻԴԵ գործադիր տնօրեն, անգլիացի Նիգել Ֆրիմանը:

Թողնել պատասխան

Back to top button