Հասարակություն

Ո՞ւմ էր ձեռնտու Դեդ Հասանի մահը. պարզաբանում է Սերգեյ Գալոյանը

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Օրերս լրատվամիջոցները հեղեղված են քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի կամ ինչպես ավելի հայտնի է` «օրենքով գող» «Դեդ Հասան»-ի սպանության մասին լուրերով: Պատճառների ու մեղավորների մասին հարցերից զատ նոր հարցադրումներ են առաջ եկել` քրեական աշխարհում խոշոր լիդերների փոփոխություններն ինչ հետեւանքներ կարող են ունենալ ՌԴ-ում, Հայաստանում, Վրաստանում, հարեւան եւ ոչ հարեւան երկրներում: Քրեական աշխարհի մասին ունեցած իր որոշ տեղեկություններով ու կանխատեսումներով այսօր լրագրողներին է հանդիպել այդ թեմայով ուսումնասիրությունների եւ աշխատությունների հեղինակ Սերգեյ Գալոյանը:

Դեդ Հասանի մահը «գողական աշխարհի» հետագա ճակատագրի վրա էական ազդեցություն կունենա: Հիմնական հեղինակությունների մահվանից հետո միշտ էլ հեղափոխություններ լինում են: Դիտարկման հեղինակը Սերգեյ Գալոյանն է, ով երկար տարիներ զբաղվել է քրեական աշխարհի ուսումնասիրություններով, աշխատություններ հեղինակել եւ ով միաժամանակ լրագրողների հետ խիստ զգուշությամբ է կիսվում իր տիրապետած մանրամասներով: Մի բան, սակայն, ըստ Գալոյանի, հաստատ է` արքայի աթոռը երբեք թափուր չի մնում: Դեդ Հասանին փոխարինողների 4 անուն է շրջանառվում, որոնցից մեկը հենց Հասանի ազգականն է` ազգությամբ եզդի»,- նշեց գրողը` ընդգծելով` նրանց մեջ հայեր չկան: Որքանով դրական կլինեն նոր վերադասավորումները. Գալոյանի կանխատեսումներն առանձնապես լավատեսական չեն:
«Դեդ Հասանը լուրջ կապեր ունի հայերի, Հայաստանի հետ: Իրենից հետո եկողը գուցե նույն մտերմությունը չունենա հայերի հետ: Աստված տա, որ մեզ համար հետեւանքները շատ ծանր չլինեն: Բայց ես շատ բաներից եմ վախենում: Առաջին հետեւանքները կզգացվեն Վրաստանում, իսկ այնտեղից այստեղ մի առվի ճամփա է»:

Ռուսաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտարարել է, որ «օրենքով գող» Ասլան Ուսոյանին` Դեդ Հասանին, հավանաբար նախկին հատուկջոկատային կամ պրոֆեսիոնալ սպորտսմեն է սպանել, քանի որ օգտագործված ՎԱԼ տեսակի անձայն հրացանն օգտագործվում է հատուկ զորքերում: Իր վերահսկողության ներքո բանկեր, շինարարական խոշոր ծրագրեր ունեցող Ուսոյանի մահվան կապակցությամբ եզդիները 7-օրյա սուգ են հայտարարել: «Նրա մահվանից հետո շատ եզդիներ են ինձ զանգել ու լաց եղել: Նա ժողովրդասեր մարդ էր, հարգանքով էր վերաբերվում իր եզդի ազգին»,-պատմել է Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը եւ հայտարարել` եթե չբացահայտվի նրան սպանողը, իրենք պատրաստ են անգամ ԵԽ դիմել: Իսկ Սերգեյ Գալոյանն Ասլան Ուսոյանին սպանողի մասին հստակ կասկածներ ունի:

«Դեդ Հասանի սպանությունը պատվիրել է հենց Տարոն, քանի որ նրան էր ձեռնտու Դեդ Հասանի սպանությունը»:

Քրեական աշխարհի այսպես ասած փորձագետ Սերգեյ Գալոյանի փոխանցած տեղեկություններով` ՌԴ-ի կրիմինալ աշխարհում երկու հիմնական թև է գործում` սլավոնական, որը ղեկավարում է Յապոնչիկը, եւ վրացական, որի լիդերը Տարիել Օնիանին է` Տարոն, ում էլ նա կասկածում է սպանության մեջ: 2006-ից ռուսական կրիմինալ աշխարհում սկսվել է վերաբաժանումների շրջանը, իսկ 2008-ին Կրասնոդարում «գողերի համագումարով» հայտարարվեց, որ սլավոնական թևը դեմ է դուրս գալիս վրացական թևի դեմ: «Բացահայտ պատերազմը համարյա մոտենում է իր հանգուցալուծմանը»,- կարծում է Սերգեյ Գալոյանը եւ ի միջի այլով ու որոշ հեգնանքով նկատում` Հայաստանում օրենքով գողի, հեղինակության ինքը չգիտի:

Թողնել պատասխան

Back to top button