Հասարակություն

Օրական մամոգրաֆիայի կենտրոն այցելում է 110 մարդ

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում այսօր բացվել է կոնֆերանս սրահ, որը կտրամադրվի վարձակալությամբ։  «Ստացված գումարներով կենտրոնում հետազոտվելու են անվճարունակ քաղաքացիները»,- սրահի բացման ժամանակ ասել է կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, որը 1997 թվականին ստեղծվել է  երկու կանանց մտերմիկ զրույցի արդյունքում, շարունակում է կրծքագեղձի, արգանդի պարանոցի, շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված հետազոտությունները, ճանապարհներ որոնում, որպեսզի հիշյալ ծառայություններից կարողանան օգտվել նաև սոցիալապես անապահով, անվճարունակ քաղաքացիները:
Այդպիսի մարդկանց օգնելու նպատակին է ծառայելու նաև այս կոնֆերանս սրահը:

Խաչանուշ Հակոբյանի խոսքով` եթե գործունեության առաջին շրջանում  կենտրոն էր այցելում օրական 2-3 կին, այսօր արդեն  այցելուների թիվը հասնում է 110-ի: Նրանցից անվճարունակ է 10-12-ը:

Նա ևս մեկ անգամ նշեց այն հիմնական պատճառները, որոնք քաղցկեղի առաջացման պատճառ են դառնում` էկոլոգիա, սնունդ, ոչ առողջ ապրելակերպ և ամենակարևորը` սթրեսը:

Հավելենք, որ կենտրոնի կոնֆերանս սրահը նախատեսված է ցանկացած միջոցառման համար` փակ գործնական հանդիպումներից մինչև մեծ ֆորումներ ու սեմինարներ, կարող է սպասարկել 250 անձի, հագեցած է նորագույն տեխնիկայով, նաև սինխրոն թարգմանության համակարգով, որն էլ կհեշտացի անցկացվելիք միջոցառումներին օտարերկրյա հյուրերի մասնակցությունը:

Թողնել պատասխան

Back to top button