Քաղաքական

Միխայիլ Սահակաշվիլի. Մենք երբեք չենք սատարել Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը

Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին դեմ է հանդես եկել Աբխազիայի տարածքով Ռուսաստանին կապող երկաթուղու բացմանը: Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին նա հայտնել է տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերով` մեկնաբանելով նախօրեին Երևանում Բիձինա Իվանիշվիլիի արած հայտարարությունները: «Իվանիշվիլիի հայտարարությունը, որը նա արել է Երևանում, մտահոգիչ է և հաշվի չի առնում Վրաստանի ռազմավարական և աշխարհաքաղաքական շահերը», -հայտարարել է Սաակաշվիլին: Վրաստանի նախագահի խոսքով, աբխազական երկաթուղու բացման անհրաժեշտությունն այժմ չկա, քանի որ Վրաստանն ունի արդեն դեպի Եվրոպա ելք ունեցող երկաթուղի, մասնավորապես Ախալքալաք-Կարսը, որը, նրա գնահատմամբ, ուղղակի մրցակից է ռուսական երկաթուղուն: Աբխազական երկաթուղու բացումը Սաակաշվիլին որակել է որպես «հակապետական» ու «հակավրացական»:
«Երկաթուղային կապի բացումը պետք է դիտարկել միայն Աբխազիայի դեօկուպացիայից հետո կամ դրան զուգահեռ, քանի որ այս պահին այդ գծի վերականգնումը փաստացի կնշանակի Ռուսաստանի կողմից Աբխազիայի բռնազավթման օրինականացում»,- ասել է Սաակաշվիլին: «Մենք, բնականաբար, ցանկանում ենք լավ հարաբերություներ ունենալ Հայաստանի հետ: Մենք շատ բան ենք արել այդ երկրի հետ, որպեսզի հայկական ապրանքները անցնի վրացական տարածքով»,- ասել է Վրաստանի նախագահն ու ընդգծել Վերին Լարս անցակետի բացումը: «Հայաստանի որևէ մեկուսացումը Վրաստանի շահերց երբևէ չի բխել, և մենք երբևէ չենք սատարել այդ քաղաքականությունը: Սակայն մեկ բան է Հայաստանի հետ լավ հարաբերությունները, մեկ այլ բան է օկուպանտի ռազմավարական ծրագրերի իրականացումը», -ասել է Վրաստանի նախագահը: Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետը նախօրեին Երևանում հայտարարել էր, թե Վրաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ աբխազական երկաթուղու բացման և Ռուսաստանի հետ երկաթուղային կապի վերականգնման համար:

Թողնել պատասխան

Back to top button