ԿարևորՀասարակություն

Հայ-ամերիկյան համատեղ նախաձեռնություն՝ ուղղված Հայաստանում միջուկային փորձաքննության լաբորատորիայի ստեղծմանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանի էներգետիկայի նախարարության ու Ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաների հետ միասին այսօր՝ Հայաստանի ատոմակայանում ներկա է եղել Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի փորձաքննության լաբորատորիայի բացմանը: Լաբորատորիան ձևավորվել է Պետքարտուղարության Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագրի ու Հայաստանի ատոմային էլեկտրակայանի համագործակցության արդյունքում, որն ուղղված է Հայաստանի միջուկային մաքսանենգության անդրազգային վտանգներին արձագանքելու ուղղությամբ Հայաստանի կարողությունների մեծացմանը:

Ինչպես հայտնում են Հայաստանում Վաշինգտոնի դեսպանությունից, լաբորատորիան հնարավորություն կընձեռի իրականացնել հանցանքի վայրից ձեռք բերված միջուկային ու ռադիոակտիվ աղտոտվածություն ունեցող իրեղեն ապացույցների փորձաքննություններ ու տեխնիկական վերլուծություններ, որոնք անհրաժեշտ են միջուկային մաքսանենգություն կատարողների նկատմամբ քրեական հետապնդում ապահովելու համար: Լաբորատորիան Հայաստանի առաջ կբացի միջուկային նյութերի անօրինական գործածման հարցերով հետաքննությունների ասպարեզում այլ պետությունների հետ աշխատելու հնարավորություն: Միջուկային փորձաքննության լավագույն փորձն ու համագործակցության բարելավումը հնարավորություն են տալիս պետություններին պայքարել միջուկային մաքսանենգության դեմ՝ զարգացնելով նյութերի ծագումը որոշելու ու մաքսանենգ փոխադրում իրականացնողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կարողությունները:

Թողնել պատասխան

Back to top button