ԿարևորՔաղաքական

Արամ Հարությունյանը կոչ է անում Պարույր Հայրիկյանին դուրս գալ ընտրապայքարից

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

ԱԻՄ-ի կողմից առաջադրվող թեկնածուն ես եմ, և ոչ թե Պարույր Հայրիկյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Կոչ անելով Հայրիկյանին հանել իր թեկնածությունը` Արամ Հարությունյանը հորդերել է նրան լինել իր կողքին, քանի որ ինքը Հայրիկյանի լավագույն աշակերտն է: Նա հավաստիացրել է, որ գնալու է մինչև վերջ և միայն մի դեպքում է հանելու իր թեկնածությունը, եթե նախագահյական պայքարից դուրս գա նաև Հանրապետության գործող նախագահը և ապահովի արդար ու լեգիտիմ ընտրություններ:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը կարծում է, որ այսօր միակ ընդդիմադիր թեկնածուն ինքն է: Ըստ նրա՝ եթե իշխանություններին հաջողվել է քաղաքական դաշտն ամայացնել, և անել այնպես, որ քաղաքական բավականին ազդեցիկ դիրք ունեցողները չառաջադրվեն, իր դեպքում դա չի գործելու: Ես գնալու եմ մինչև վերջ, հայտարարում է նախագահի թեկնածուն: Արամ Հարությունյանի տեղեկացմամբ՝ իր թեկնածությունը կհանի միայն այն դեպքում, եթե այդ նույն քայլին դիմի նաև Հանրապետության գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը և ապահովի արդար ընտրություններ:

«Այս ռեժիմը Հայաստանում վերացրել է ամեն ինչ` սկսած քաղաքական դաշտից: Արտագաղթը արագանալու է, որովհետև մենք տեսնում ենք, որ քաղաքացիներից որևէ մեկը հույս չունի և իր ապագան չի կապում այս երկրի հետ»:
Արամ Հարությունյանը անդրադարձավ նաև նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին ու նրան ևս կոչ արեց հանել իր թեկնածությունն ու միանալ Արամ Հարությունյանին:

«Պարույր, քո համար ամենամեծ ձեռքբերումն  անկախությունն էր, քո ամենամեծ ձեռբերումը ԱԻՄ-ն էր, քո ամենամեծ ձեռքբերումը քո ստեղծած Մովսես Գեորգիսյանն էր, որից հետո քո լավագույն աշակերտը Արամ Հարությունյանն է, որից սարսափած են: Պարույր, դու ինքդ ես ինձ ասել չծախվել երբեք: Պարույր, դու կենդանի լեգենդ ես, մի խառնվիր այդ վայրի ցեղերին: Պարույր, հանիր թեկնածությունդ, քո բանաձևը ես քեզանից լավ գիտեմ, մենք միասին ենք արել: Դու այն մարդն ես, որ պիտի մնաս պատմության մեջ ու այս իշխանությունը քո կենդանության օրոք քեզ պետք է հերոսի կոչում տա»:
Ի դեպ` Արամ Հարությունյանը խոստովանեց, որ հիասթափված է ոչ միայն գործող իշխանությունից, այլև առաջին և 2-րդ նախագահներից:

«Ես հիասթափված եմ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից, որովհետև պարզվում է, որ մեր առաջին և երկրորդ նախագահները կորցրել էին ծննդականները: Մեկը պարզվեց, որ ղարաբաղցի է, մյուսն էլ պարզեց, որ 68 տարեկան է»:
Այսպիսով` խոսելով նախագահական ընտրությւոններում իր հնարավորություններից` Արամ Հարությունյանը հավաստիացրեց, որ երբեք չի կարևորել ձայները, քանի որ հավասար չեն եղել նաև պայմանները: Իր նպատակը նաև մանդատ կամ իշխանությւոն ստանալը չէ: Արամ Հարությունյանի միակ նպատակն է ապրել նորմալ երկրում եւ այս ընտրություններում որդեգրել է «Ես ձեզանից մեկն եմ» կարգախոսը:

Թողնել պատասխան

Back to top button