ԿարևորՀասարակություն

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում նորընտիր Կոնգրեսին՝ մեծացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, հիմնվելով մի շարք ծանրակշիռ փաստերի վրա, կոչ է արել ԱՄՆ-ի նորընտիր 113-րդ Կոնգրեսի անդամներին մեծացնել Հայաստանին տրամադրվող տնտեսական օգնությունը, ինչպես նաև ընդլայնել այն ծրագրերը, որոնք վերաբերում են հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային համագործակցությանը,-տեղեկացնում է Հանձնախմբի պաշտոնական կայքը։ Կազմակերպության՝ ամերիկացի օրենսդիրներին այս շաբաթ ուղարկված նամակում մասնավորապես ներկայացվում են միջազգային կազմակերպությունների և հեղինակավոր այլ կառույցների՝ Հայաստանի կտրվածքով խրախուսական զեկույցները։ Ի լրումն այս ամենին, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ընդգծում է, որ Հայաստանը Միացյալ Նահանգների համար անվտանգության հուսալի դաշնակից է, որն իր զորքերն ուղարկել է Իրաք՝ ԱՄՆ-ին ու Աֆղանստան՝ ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցելու համար, ինչպես նաև Կոսովո՝ միջազգային խաղաղապահ գործընթացին մասնակցելու նպատակով: Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնությունն իր գագաթնակետին է հասել 2003թ.՝ կազմելով 174 մլն դոլար, ինչից հետո այդ ցուցանիշը կայուն անկում է գրանցել։ Դա պայմանավորված է եղել թե՛ եկող վարչակարգերի քաղաքականությամբ, թե՛ կրճատումներ պահանջող Կոնգրեսի ճնշման հանգամանքով։ Արդյունքում Հայաստանին տրամադրվելիք տնտեսական և ռազմական օգնության չափը կազմել է 45 մլն դոլարից էլ պակաս։ Այժմ Հայ դատի հանձնախումբը խնդրում է այդ թիվն առնվազն 50 մլն դոլարի հասցնել։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button