Ադրբեջանական բանակում հանցագործությունները 3- 4 անգամ ավելի շատ են, քանի՝ հայկականում


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Զինդատախազ Գևորգ Կոստանյանն այսօր ներկայացրել է ՀՀ ԶՈՒ-ում 2012 թվականին արձանագրված պատկերը: Զինված ուժերում այս տարի 29 հանցագործության դեպք է արձանագրվել 36 մահվան ելքով, որից 9 դեպք շփման գծում` 12 մահվան ելքով:
Համեմատության համար զինդատախազը նշեց նաև, որ 2011 թվականին 34 հանցագործության դեպք էր արձանագրվել։ Բռնությամբ պայմանավորված մահվան ելքով դեպքերի թիվը 2012-ին 2011թ-ի համեմատ նվազել է 50 տոկոսով, ասաց։
Ի դեպ՝ զինդատախազը տեղեկացրեց նաև, որ մեր արևելյան հարևան երկրի բանակում տեղի ունեցող հանցագործությոսւնները 3-ից 4 անգամ գերազանցում են Հասայսատնի ԶՈՒ արձանագրված դեպքերին, իսկ մահվան ելքով դեպքերը Ադրբեջանի բանակում 5-ից 10 անգամ ավելի են:
Զինդատախազ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպման առիթն օգտագործելով՝ լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք զինդատախազությունը պատրաստվում է Մատաղիսի հայտնի գործով դատավճիռը բողոքարկել, առավել ևս, որ վաղը լրանում է Մատաղիսի գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը։
«Արդյունքների մասին մենք ձեզ լրացուցիչ կհայտնենք»,- ասաց զինդատախազը։
Հիշեցնենք, որ երկու զինվորականների սպանության դեպքը տեղի էր ունեցել 2003 թվականին Մատաղիսի զորամասում և 10 տարվա ընթացքում գործով անցնող երեք զինծառայողներ՝ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով 2005 թվականին դատապարտել էին 15-ական տարվա ազատազրկման: Մեկ տարի անց վերաքննիչը խստացրել էր պատիժը՝ դատապարտելով ցմահ ազատազրկման: Ապա Վճռաբեկ դատարանը բեկանել էր դատավճիռներն ու գործն ուղարկել նոր նախաքննության։
2006 թվականին երեք տղաները կրկին գործում ներգրավվեցին որպես մեղադրյալներ: Մատաղիսի զորամասում երկու զինծառայողների Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության գործով անցնող վերոնշյալ երեք տղաներին ընդամենը մեկ ամիս առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրելց։ Թե ինչ որոշում կկայացնի արդաացման դատավճիռը բողոքարկելու հարցում զինդատախազությունը, պարզ կդառնա, թերևս, վաղը:
Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում սպանված երկու զինվորներից մեկի` Ռոման Եղիազարյանի հարազատները մի քանի օր առաջ արդեն դիմել են վերաքննիչ դատարան: Սպանված մյուս զինվորի Հովսեփ Մկրտումյանի ծնողները, սակայն, անմեղ են համարում մեկ ամիս առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակված երեք տղաներին: