Հասարակություն

Վրաստանի վարչապետը հանձն առավ եկեղեցիների նորոգության եւ «Հայ ժողովրդի պատմության» դասավանդման գործը

Հունվարի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ խոսեց երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի մասին` վստահություն հայտնելով, որ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա միջպետական համագործակցության զարգացման համար:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձավ Վրաստանում հայկական պատմական սրբավայրերի պատշաճ պահպանման ու վերականգնման, ինչպես նաև հայ համայնքի հոգևոր կարիքների բավարարման համար անհրաժեշտ մի շարք հայկական եկեղեցիների` Վիրահայոց թեմին վերադարձնելու խնդրին:
Ամենայն Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Վրաց պետության կողմից անհրաժեշտը կձեռնարկվի հիշյալ խնդիրներն ըստ պատշաճի լուծելու ուղղությամբ:
Վիրահայ համայնքի անունից Նորին Սրբությունը խնդրանքով դիմեց պրն. Իվանիշվիլիին, որպեսզի Վրաստանի հայկական դպրոցներում դասավանդվի «Հայ ժողովրդի պատմություն» առարկան: Վեհափառ Հայրապետը նաև միջնորդություն ներկայացրեց Վահագն Չախալյանի ազատ արձակման համար:
Իր հերթին` Վրաստանի վարչապետը, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցելության առիթով, խոսեց հայ-վրացական դարավոր բարեկամության մասին` ընդգծելով նաև, որ մեծ հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ:
Ապա վարչապետն անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից բարձրացված խնդիրներին` տեղեկացնելով, որ անձնապես հանձն է առնում եկեղեցիների նորոգությունը և անհրաժեշտ բոլոր քայլերն անմիջապես կձեռնարկվեն հայկական եկեղեցիների պահպանության ուղղությամբ:
Տիար Իվանիշվիլին նաև հանձնարարական տվեց «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի դասավանդումը հայկական դպրոցներում կազմակերպելու համար, իսկ Վ. Չախալյանի առնչությամբ հայտնեց, որ խնդիրը քննարկման փուլում է:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Վիրահայոց թեմի Ջավախքի փոխառաջնորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button