Ստոմատոլոգիական ծառայությունների գները բարձրացել են 50 տոկոսով


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հունվարի 1- ից հանրապետությունում հարկային ոլորտում ուժի մեջ մտած փոփոխությունները մի քանի անգամ մեծացրել են ատամնաբուժական գործունեությամբ զբաղվողների հարկային բեռը։
Մասնավորապես՝ Երևանում ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեություն իրականացնելու համար յուրաքանչյուր բազկաթոռի սահմանված է ամսական 80.000 դրամ արտոնագրային վճար։
Հունվարի 1-ից 10-20% բարձրացել են ստոմատոլոգիական նյութերի գները։ Օրենքի համաձայն՝ 20-30% էլ հիմա մենք կբարձրացնենք։ Ստացվեց՝ 50% ստոմատոլոգիական ծառայությունների գները բարձրացան»,- ասում է Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը՝ հավելելով՝ արդյունքում տուժում են մարդիկ:
ՀՀ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանի խոսքով` մեկ ատամ բուժելու համար իրենք անցնում են 3 փուլ և հարկվում 3 անգամ` ստոմատոլոգիական բազկաթոռ, որն արժե 80.000 դրամ, ախտորոշում և լաբորատորիա:
ՀՀ առողջապահության նախարարությունը օրենքի՝ այս ձևաչափով փոփոխություններից անտեղյակ է եղել։ Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը վրդովված է, քանի որ պատկերն այնպիսին է, իբրև ստոմատոլոգիական ոլորտը առանձնացվել է առողջապահությունից:
Օրենքի համաձայն՝ իրենք դասվում են վարսավիրանոցների, հարսանյաց սրահների և նման կառույցների շարքին: Եթե նման մոտեցում է որդեգրվում, ապա նույն արտոնագրված վճարը պետք դրվեր հիվանդանոցներում մահճակալների վրա, ասում է նա։
Աշոտ Գևորգյանի խոսքով՝ որոշ մեկ-երկու ստոմատոլոգիական բազկաթոռներ ունեցող կլինիկաները համաձայն են, որ օրենքը մնա, քանի որ վերջիններն այդ բազկաթոռի վրա կատարում են չլիցենզավորված աշխատանքներ:
Լիցենզիոն կարգի համաձայն՝ 1 բազկաթոռի վրա պետք է կատարել 1 աշխատանք:
«Մենք ուզում ենք, որպեսզի բոլոր ստոմատոլոգները գտնվեն հավասար հարկային դաշտում»,- ասում է։
Այս օրենքով կլինիկաների մի մասը փակվելու է, ստվերը՝ մեծանալու: Արդյունքում՝ 2-3 հազար ատամնաբույժ կմնա առանց աշխատանքի, նշում է Աշոտ Գեւորգյանը: