ԿարևորՔաղաքական

Պարույր Հայրիկյանը որեւէ մեկի հետ համագործակցելը չի բացառում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ԱԻՄ նախագահ, Հայաստանի նախագահության թեկնածու Պարույր Հայրիկյանը, ի պատասխան ընդդիմադիր թեկնածուների միավորման հավանականությանն առնչվող հարցի, ասել է, որ որեւէ մեկի հետ համագործակցելը չի բացառում, սակայն այդ համագործակցությունը պետք է լինի միայն իր ծրագրերի շուրջ, քանի որ, Հայրիկյանի համոզմամբ, իր առաջարկած Կատարյալ ժողովրդավարության ծրագիրը բոլորի համար է: Հայրիկյանը շեշտել է, թե դա չի նշանակում համախմբում իր շուրջ: «Նախ պետք է ընդունվի իմ ծրագիրը հետո միայն քննարկվի, թե ով ավելի լավ կիրականացնի այն»,-պարզաբանել է թեկնածուն:

Անդրադառնալով տարբեր մեկնաբանությունների տեղիք տված, Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի առաջարկին, որով վերջինս ճիշտ է համարում այս նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների միավորումը` Հայրիկյանն ասաց, թե ինքը դրական է արձագանքում այդ առաջարկին: Հայրիկյանի խոսքով` շատերը թույլ են տվել մի բացթողում իրենց մեկնաբանություններում: Ըստ նրա` միավորվելու եւ միասնական ճակատով հանդես գալու դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի եւ իր ունեցած ձայների տոկոսային արդյունքը հավասար չի լինելու դրանց գումարին: Սա բանաձեւ է, որը Հայրիկյանը բացահայտել է դեռեւս 96 թվականին, երբ մասնակցում էր միասնական թեկնածու ձեւավորելու գործընթացին: Այն ժամանակ իրեն վճռականության է տրամադրել հենց այդ բացահայտումը` տեղեկացրեց Պարույր Հայրիկյանը: Այսօր էլ անցկացրել են ուսումնասիրություններ եւ նույն բանաձեւից օգտվելով հայտարարեց. «Զուտ ընդդիմադիր դաշտում հայտնված լինելու հանգամանքը ինձ համար բավարար չէ թեկնածուներին միավորվելու կոչ անելու համար: Մանավանդ, որ հիմնական թեկնածուները ժամանակին եղել են մեկ այլ միասնական թիմում եւ գործել են իմ, այսինքն` հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի դեմ: Խոսքս վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին: Այսինքն` միավորվել այն ելակետով, որ այսօր այդ մարդիկ ընդդիմադիր դաշտում են, դա այնքան էլ առողջ չէ»:

Թեկնածուն հավելեց, որ ինքը ողջունում է, եթե նրանց մոտ ներքին մտայնության փոփոխություններ են տեղի ունեցել եւ դրա մասին չեն խոսում, ապա նաեւ շեշտեց, որ իր համար բոլոր դեպքերում ամենակարեւորն են եղել եւ մնում ծրագրերը: Ծրագրային հարցերում համաձայնության գալով է, որ նույնիսկ գաղափարախոսական տեսակետից իրարամերժ քաղաքական ուժերը երբեմն միասնական ճակատ են կազմում եւ միասնական թիմ են ստեղծում:

Հայրիկյանը վստահ է, որ այդ դեպքում Հայաստանում մի քանի օրում մթնոլորտը կտրուկ կփոխվի, եթե միայն բոլորը հայտարարեն, որ իրենց նպատակը նախագահի աթոռին նստելը չէ, այլ` կոնկրետ ծրագրի շուրջ համախմբվելն ու Հայաստանին ծառայելը: Հայրիկյանն այսօր արձագանքեց նաեւ որոշ լրատվամիջոցներում իր հասցեին տեղ գտած որակումներին: ԱԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն ասաց նաեւ, որ հստակեցրել է իր նախընտրական կարգախոսը: Առաջարկված տարբեր կարգախոսներից նախապատվությունը քննարկումների արդյունքում տրվել է մեկին` «Հավատը` գործերով»:

Այն քաղված է Աստվածաշնչից` Հակոբոս առաքեալի թղթերից: Թեկնածուն նշեց, թե քարոզարշավը վաղուց են սկսել, իսկ հունվարի 21-ին պաշտոնական մեկնարկից հետո, այնպես է ստացվել, որ վիճակահանությամբ առաջինը Հանրային հեռուստատեսությամբ ինքն է հանդես գալու: Ասաց նաեւ, որ օգտվելու է քարոզարշավի բոլոր հնարավոր միջոցներից: Մինչ օրս շեշտակի արդյունքներ էլ է գրանցել, Հայրիկյանի ձեւակերպմամբ, ընտրական գործընթացներում որպես թեկնածու չնշվող Հայրիկյանը, նույնիսկ ամենաոխերիմ բարեկամների կողմից, արդեն ընկալվում է որպես որոշակի տոկոսներ ունեցող թեկնածու:

Թողնել պատասխան

Back to top button