Հասարակություն

Խանջյանի ամանորյա նվերը

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»- Արմավիր

Տարվա սկզբին Արմավիրի մարզի Խանջյան գյուղի դպրոցականները լավագույն նվերը ստացան և այժմ դասերն անցկացնում են հարմարավետ դպրոցում, գեղեցիկ ու լուսավոր դասասենյակներում:
Շենքի վթարայնության պատճառով դպրոցը տեղափոխվել էր մանկապարտեզի շենք և 18 տարի խանջյանցի դպրոցականները սովորել են հարմարեցված դասասենյակներում, որտեղ ձմռանը ցուրտ էր, դիզելային վառելանյութի ծուխն էլ` անպակաս:
1967 թ-իվ շահագործված կառույցը 28 տարի անց նստվածք էր տվել և որակավորվել 2-րդ աստիճանի վթարային: Դպրոցի տնօրեն Արծրունի Խաչատրյանը տեղեկացրեց, որ 1995թվականից դպրոցը տեղափոխվել էր մանկապարտեզի շենք, որտեղ պայմաններն անբավարար են եղել ուսումնական ընթացքի համար:
Դասերն անցկացրել են եռահերթ և ավարտել են երեկոյան ժամը 5-ին:  Անհարմարավետությունից դժգոհել են ոչ միայն աշակերտները, այլ նաև ուսուցիչները, ովքեր պատասխանատվությունից ելնելով տուն են գնացել միայն դասերի ավարտից հետո` ուշադրությունը սևեռելով աշակերտների վարքագծի ու պահվածքի վրա:
Այժմ խնդիրները հետևում են մնացել: Ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի սկզբին Խանջյան գյուղում շահագործման հանձնվեց վերակառուցված երկհարկանի դպրոցը, որը, կարելի է ասել, նվեր էր հարենի կառավարությունից։
Խանջյանի դպրոցի ամրացման ու վերակառուցման համար պետական բյուջեից հատկացվել է 264 մլն դրամ: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ մարզի Պտղունք և Լուսագյուղ համայնքների  դպրոցները ևս կառուցման անհրաժտություն ունեն, կրթօջախների մեծ մասը վերանորգվել է, մնացել է 25 դպրոց:
Աշխատանքների մեծ մասն իրականացվել է ՀՀ նախագահի «Մարզերի հրատապ խնդիրների լուծման» ծրագրի շրջանակներում:
Խանջյանի դպրոցը գազիֆիկացված է, ունի  լոկալ ջեռուցման համակարգ, ապահովված է նոր գույքով: Ի տարբերություն շատ ու շատ  նորակառույց դպրոցների՝ դպրոցում կա մեծ մարզադահլիճ, հանդերձարան, սակայն չկա անհրաժեշտ մարզագույք: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Աբրահամ Գենջոյանը իր գոհունակությունը հայտնեց,  որ վերջապես աշակերտները ֆիզկուլտուրայի դասաժամերը կանցկացնեն ծածկի տակ, իսկ մարզագույքն ակնկալեց տեղական իշխանությունից:
Խանջյանի գյուղապետ Սամվել Ավագյանը հորդորեց աշակերտներին ու ուսուցիչներին հոգատար վերաբերմունք դրսևորել կառույցի ու գույքի նկատմամբ, որը շահագործվել է 18 տարվա չարչարանքի արդյունքում:

Թողնել պատասխան

Back to top button