ԿարևորՄշակույթ

Նա մեծ ողբերգակ կլիներ, եթե այդ խանդոտ սիրուհին՝ պոեզիան, չխանգարեր

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Այսօր Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի հոգեհանգիստը։ Անվանի արվեստագետի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։

+++

Մտերմագույն ընկերոջ մահվան լուրը վասատկավոր արտիստ Գևորգ Չեպչյանն իմացել էր հանկարծակի ու ցնցվել անսպասելի հարվածից։ Մտերիմ էին դեռ ուսանողական տարիներից։

«Ես սովուրում էի Աճեմյանի կուրսում, իսկ նա Գուլակյանի։ Վոլոդյան հրաշալի անձնավորություն էր, ազնիվ, բարի։ Եթե մեկին պետք էր օգնել, անմիջապես ասում էր՝ գնացինք»,-պատմում է դերասանը։
Վլադիմիր Աբաջյանը ծնվել էր 1927 թվականին Շիրակի մարզի Շիրակ գյուղում, 1951 թվականին ավարտել Երևանի գեղարվեսատթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որտեղ ստեղծել է մոտ 50 կեպար։

Մհեր Մկրտչյան, Վարդուհի Վարդերեսյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան. 51 թվականին Սունդուկյան թատրոնում բեմադրված «Նամուս»-ով ասպարեզ իջած այս սերունդն էր, որ իր տեղը մշտապես ամրագրեց հայ թատրոնում ու կինոյում։
Մշատապես իր բարձրության վրա կանգնած այս սերնդի ամենաբարձր սյուներից է նաև Վլադիմիր Աբաջյանն, ում կերպած Սեյրանն էլ դարձավ նրա անձնագիրը թատրոնում։
«Նա մեծ ողբերգակ կլիներ, եթե այդ խանդոտ սիրուհին, այն է՝ պոեզիան, չխանգարեր նրան։ Չնայած դժվար է ասել՝ խանգարե՞ց, թ՞ե օգնեց» ,-ասում է դերասան Ազատ Գասպարյանը։

Հանրային ռադիոյի ձայնադարանում այսուհետ արդեն որպես մշակութային մասունք կպահպանվի Վլադիմիր Աբաջյանի անկրկնելի ձայնը։ Բազմաթիվ են նրա կերպարները ռադիոբեմադրություններում, սիրված դերասանը հանրային ռադիոյի մշակութային հաղորդումների մշտական հյուրն էր։
«Նույնիսկ ամենածանր ժամանակներում «Ձայն մեծաց» հաղորդման հրավերը երբեք չէր մերժում»,- հիշում է Հանրային ռադիոյի մեր գործընկերը՝ դերսանուհի Մայրանուշ Գրիգորյանը։

 

Թողնել պատասխան

Back to top button