Քաղաքական

Հայաստանի ընտրությունները կդիտարկեն նաեւ Եվրախորհրդարանի պատգամավորները

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ի թիվս այլ միջազգային դիտորդների հետևելու են Եվրախորհդարանի պատգամավորները: Համապատասխան հրավերը ներկայացվել է հունվարի 8-10 ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության Բրյուսել կայացած պաշտոնական այցի ընթացքում:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության բրյուսելյան  այցի օրակարգը բավականին հագեցած է եղել: Տեղի են ունեցել հանդիպումներ ինչպես Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այնպես էլ Բելգիայի խորհրդարանի զույգ պալատների ղեկավարների հետ:
Հայկական պատվիրակության անդամներն այսօր  նշեցին, որ կայացած քննարկումները անցել են  ջերմ մթնոլորտում եւ եղել են արդյունավետ:

Ըստ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի՝ այս այցը արձանագրեց մի շարք լուրջ ձեռքբերումներ, հատկապես Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման մասով:
Այցի օրերին հիմնադրվեց Եվրամիություն-Հայաստան բարեկամության խորհրդարանական խումբը, ինչը հանդիսանում է խորհրդարանական դիվանագիտության կարեւոր ձեւաչափ:
Ինչպես նշեց Զաքարյանը, այն կարող է նպաստել ԵՄ-ՀՀ մերձեցման քաղաքականության ակտիվացմանը: Խմբի հիմնադրմանը հետևել են և մի շարք ադրբեջանցիներ։

Բրյուսելում քննարկվել է և Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցության հարցը:

Զաքարյանը հույս հայտնեց, որ եվրադիտորդները բացառապես անկողմնանակալ դիրքորոշում կցուցաբերեն:

Իր հերթին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը անդրադարձավ մեր երկրի եվրամերձեցման գործընթացին՝ կարևորելով այն որպես մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթյություններից։

Արտակ Զաքարյանը շեշտեց, որ հակասություն չի տեսնում եվրամերձեցման և մեր երկրի Եվրասիական միությանը հնարավոր անդամակցության միջև, ինչև ընկալելի է և Բրյուսելում։

Թողնել պատասխան

Back to top button