Հասարակություն

Կստեղծվի փորձագիտական խումբ կրթական օրենսգրքի մշակման համար

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պետական բուհերի ռեկտորները:

Ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանրապետության նախագահին ներկայացրել է խորհրդում քննարկված՝ պետական բոլոր բուհերի համար ընդհանրական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկները, որոնք որոշ դեպքերում պահանջում են պետական աջակցություն: Նախարար Արմեն Աշոտյանը և ռեկտորների խորհրդի նախագահը խորհրդակցության ժամանակ զեկուցել են նաև նախագահի հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպման արդյունքում հանրապետության ղեկավարի հանձնարարությունների հիման վրա ոլորտում իրականացված աշխատանքները, որից հետո բուհերի ռեկտորները ներկայացրել են յուրաքանչյուրն իր ղեկավարած ուսումնական հաստատության առաջնահերթ խնդիրները, վերջին շրջանի ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:

Ընդհանրական բնույթի խնդիրների շարքում բուհերի ռեկտորները նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են կրթական օրենսգրքի ընդունման անհրաժեշտության հարցը: Ռեկտորների համոզմամբ՝ դա թույլ կտա կրթական ոլորտում գործունեություն ծավալող օբյեկտների և սուբյեկտների համար օրենսդրական դաշտը դարձնել միասնական և համընդհանուր՝ միաժամանակ մեկ օրենսգրքի մեջ միավորելով ոլորտը կարգավորող բոլոր օրենքներն ու իրավական այլ փաստաթղթերը: Հարցը համակողմանիորեն քննարկելու նպատակով, Հանրապետության ղեկավարը հանձնարարել է ստեղծել փորձագիտական խումբ՝ օրենսդրական հարցերի քննարկումներին ներգրավվելով նաև ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչներին:

Հանդիպման մասնակիցները, բարձրագույն կրթական հաստատությունների առջև ծառացած կարևոր խնդիրների շարքում, առանձնացրել են մասնագիտական որակյալ կադրերի երիտասարդացման, գիտակրթական հաստատություններում սերնդափոխության խնդիրները և որոշ մասնագիտությունների գծով կադրերի պակասը: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նրանք խոսել են նաև պետական բուհերի կարգավիճակի, որակյալ կրթության ապահովմանն ուղղված պետական որոշ միջոցառումների իրականացման հնարավորությունների մասին:

Բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները, ի լրումն խորհրդակցության ժամանակ հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարականների, կամփոփվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

Թողնել պատասխան

Back to top button