ԿարևորՀասարակություն

Իրապապահ համակարգը պատրաստ է ընտրություններին. փորձի փոխանակում, սակայն, կլինի

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Երևանում այսօր մեկնարկել է եռօրյա սեմինար ընտրակեղծիքներին և ընտրական հանցագործություններին վերաբերող գործերի քննության թեմայով: Միջոցառումը կազմակերպել է ԵԱՀԿ երևանայն գրասենյակը՝  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:
Մենք փորձում ենք աջակցել  Հայաստանի իշխանություններին ընտրակեղծիքների վերացմանն  ուղղված ջանքերում՝ իրավապահների համար կազմակերպվող եռօրյա սեմինարի մեկնարկին ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: Նրա կարծիքով՝ փորձի փոխանակումը օգտակար կլինի:

Հայաստանում ԵՄ պատվիրակության առաջին խորհրդարկան  Օննո Սիմոնսի համոզմամբ էլ՝ ընտրական կանոնակարգերի լիարժեք կիրառումը վստահեցնում է ընտրողներին, որ ընտրական գործընթացն  օրինական է:
Դասընթացը կազմակերպել է ԵԱՀԿ երևանայն գրասենյակը՝  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Այն կիրականացնեն Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչները և հայ իրավապահների հետ կկիսեն այն փորձը, որ կուտակել են ընտրություններին առնչվող հանցագործությունները քննելիս:

Իրավապահ համակարգի հայաստանյան ղեկավարները համոզված են, որ ընտրական քննությունը հաջող են հանձնելու: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կարծիքով ՝ աշխարհի ոչ մի  երկիր ապահովագրված չէ ընտրական խախտումներից և ամբողջությմաբ բացառել դրանք դեռևս որևէ երկիր չի հաջողել:

«Բայց կա ընտրախախտումների մի ծավալ, որի պարագայում ընտրությունները ժողովրդավարական են դիտարկվում,  կա նաև մի ծավալ, որ անկախ հանգամանքից՝ դրանք կգրանցվեն, իրավական հետևանքներ կունենան թե ոչ, միևնույն է, հասարակական ընկալման մեջ դրանք կեղծված են դիտարկվում: Մենք անցել ենք այդ բարիերը: Խոսքը վերջին խորհրդարանական ընտրությունների մասին է»:

Հրայր Թովմասյանը համոզված է, որ նախագահական առաջիկա ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենաանխոցելի են լինելու:
Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կարծիքով՝ իրավապահ համակարգը քսան տարիների ընթացքում բավականին մեծ փորձ է կուտակել և նախագահական ընտրությունների փուլ պատրաստված է մտնում:

Չեն լինելու անհետևանք ահազանգեր և հաղորդումներ, որոնք իրավական շարունակություն չեն ունենալու, սա արդեն Ոստիկանության պետի հավաստիացումն է:
«Գործում ենք անձնական պատասխանատվության դաշտում: Բոլոր տեղերում կոնկրետ պատասխանատուներ են, բոլոր տեղամասերում կոնկրետ մարդիկ են, բոլոր հաղորդումները վայրկյանների ընթացքում ենք ստանալու: Կրկնեմ՝ մենք վաղվա ոստիկանություն  ենք  ստեղծում, ու առաջիկա ընտրությունները ոստիկանության համար լավ առիթ են իրեն ցույց տալու համար»:

Իրավապահ ոլորտի պատասխանատուների լավատեսությունն անհիմն չի համարում նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Իսկ ընտրական գործընթացի որ կետում է հնարավոր վտանգներ տեսնում:

«Եթե նախապես կարողանանք կանխատեսել, բնական է կկանխենք, որովհետև հավաստիացնում եմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տրամադրված է խիստ վճռական, որ ընտրական գործընթացի որևէ մասնակցի կողմից ընտրական որևէ դրույթի խախտում չկատարվի»:

Իրավապահների համար ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի կողմից կազմակերպվող և ԵՄ կողմից ֆինանսավորվող եռօրյա դասընթացը մաս է կազմում 1,7  մլն եվրո արժողությամբ ծրագրի, որի նպատակը Հայաստանում ընտրական գործընթացի բարելավումն է և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը:

Թողնել պատասխան

Back to top button