Հասարակություն

«Դասական աճուրդ չի հայտարարվի, գինն էլ չի նվազի»,-հստակեցրել է Արման Սահակյանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Մեր հիմնական խնդիրները կատարված ենք տարին փակել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Վերջինս այսօր ամփոփել է 2012թ ու ներկայացրել այս տարվա գերական խնդիրները: Արման Սահակյանը ղեկավարելու է նաև հանրապետության նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներից մեկը, սակայն, ըստ օրենքի՝ արձակուրդ գնալուց հետո: Պետգույքի կառավարաման վարչությունից լրագրողները դատարկաձեռն չեն վերադարձել, նրանց Արման Սահակյանը բացի լրագրողներին սիրելի դարձած գրիչ-նոթատետրից նաև խորհրդանշանական օձ է նվիրել՝ պարզաբանելով՝ օձը իմաստուն կենդանի է, հետո արդեն կես կատակ-կես լուրջ հայտարարել, որ «մեր հանդեպ օձություն չանեք»:

Կամա թե ակամա վերջին ամիսներին կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հիմնական պատճառներից մեկը թերևս արդեն ամիսներ շարունակ քննարկվող կառավարական երկրորդ մասնաշենքի վաճառքն է ու որոշման դեմ չմարող կրքերը: Հենց այս վարչության ներկայացրած նախագծով կառավարությունը տվեց իր հավանությունն ու կառավարական երկրորդ մասնաշենքը վաճառվեց : Տարեվերջին, սակայն, նույն վարչությունը կառավարությանը մեկ այլ նախագիծ ներկայացրեց, որով հայտարարվեց, որ կառավարական երկրորդ մասնաշենքը վաճառվի, սակայն, աճուրդով: «Դասական աճուրդ չի հայտարարվի, գինն էլ չի նվազի»:

Այսօր մեկ անգամ ևս հստակեցրեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը.«Աճուրդը կկայանա մարտ ամսվա սկզբին, առաջին տասնօրյակում: Էդուարդո էռնեկյանը և «Տանգո» ընկերությունը մինչև այս պահն էլ չեն փոշմանել այդ գործարքից, ընդամնեը այդտեղ պայման կար, Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող հողը նախկին արդարադատության նախարարության հատվածն է, այս ընկերությունը գնում է այդ հողը, այդտեղ կառուցում է շենք, որտեղ պիտի լինի ԱԳ նախարարության շենքը, հետո բաժնետոմսերի միջոցով փոխանակում է ԱԳ նախարարության շենքի հետ, մնացած գումարները, ինչքան որ կմնա, կուղղվեն պետբյուջե»:

Հիշեցնենք, որ ԱԳ նախարարության շենքը վաճառվել էր 51 մլն 271 հազար դրամով՝ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը:  Դվին, Սևան հյուրանոցներ, Սասունցի Դավիթ կայարանին մերձակա հատված,- այս տարածքները ևս հանրության ուշադրության կենտրոնում են գտնվում: Նրանք տարիներ առաջ են սեփականաշնորհվել, սակայն, մինչ օրս դեռ չեն գործարկվում: Սևան հյուրանոցն ու Սասուցնի Դավիթ կայարանին մերձակա հատվածները գտնվում են Երևանի քաղաքպետարանի ենթակայության տակ., դե իսկ Դվին հյուրանոցի սեփականատիրոջ հետ բանակցություններն արդեն ավարտվել են, ներդրող չի փոխվել, սակայն, նոր պայմանագրով պետության համար ավելի շահավետ պայմաններ են նախանշվել. «Պայմանագիրը փոփոխվել է, բավականին լավ պայմանագիր է, այսպես ասեմ, ի նպաստ մեր պետության պայմանագիր է, նախապատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, այն հաստատելուց հետո գնորդի հետ պայմանագիր կստորագրենք»:

Կան, սակայն, շենքեր, որոնք պետք է խորհրդանշական գնով մասնավորեցնել, ասենք հազար դրամով, սա ներդրողներին շահագրգռելու նպատակով, նման փորձ պետգույքի կառավարման վարչությունն արդեն ունի: Գնորդ է հայտնվել, որը համաձայնել է 300 մլն դրամի ներդրում կատարել Ամասիայի անբարեկարգ կինոթատրոնի շենքի վերանորոգման համար.«Մենք շատ խորհրդանշական գնով մասնավորեցրեցինք ընդամենը հազար դրամով, քանի որ կար ներդրող, որը պարտավորվել է 300 մլն դրամ ներդնել Ամասիայի կինոթատրոնում, և ամենակարևորն այն է, որ գործառնական նշանակությունը չի փոխվելու: Շատ շուտով Ամասիա համայնքը կունենա նոր կինոթատրոն»:

Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետը պատրաստվում է դիմել ԱԺ-ին ու առաջարկել Մասնավորեցման ցանկից հանել Ստեփանավանի օդանավակայանը, այն գործարկվելու է, արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: Արաման Սահակյանը հայտարարեց, որ մինչև տարեվերջ պետական բնակֆոնդը հաշվառված կլինի, մամուլի շենքն էլ վերջապես նոր վերելակ կունենա: Արման Սահակյանը ոչ միայն պետգույքի կառավարման վարչության պետն է, այլ նաև ղեկավարելու է հանրապետության նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներից մեկը.«Շատ բարդ քայլեր պետք չի ձեռնարկել, որովհետև մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս ընտրությունները մեր երկրի համար լինելու են մեր երկրի համար ամենալավ ընտրությունները: Այդ տրամաբանությամբ էլ թիմը առաջնորդվում է: Չեմ ուզում գաղտնիք պահել, ես ղեկավարելու են Աջափնյակի նախընտրական շտաբը, բայց ըստ օրենքի, արձակուրդ գնալուց հետո»:

Թողնել պատասխան

Back to top button